Հասարակություն

Ո՞րն է սոցփաթեթի հանգստի բաղադրիչը ժամանակավորապես դադարեցնելու պատճառը

hasmikdilanyan

Չարաշահումներ սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչում: Թե ինչի մասին է խոսքը,  մեկնաբանություններ չկան: Փոխարենը վերլուծություններ են անում հասարակական սեկտորում, նշում, որ պատճառը ոչ թե չարաշահումներն են, այլ՝ պետական բյուջեում առկա   ֆինանսական խնդիրները: Հանգստի բաղադրիչի, այսպես ասենք, «պատասխանատու» էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ դեռ կոնկրետ փաստեր չի ներկայացնում, փոխարենը՝ հայտարարում է՝  սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչն սպասարկող  մեկ տուրօպերատոր ցանկից հանվել է, երկուսը՝  այդ ճանապարհին են, 21 տուրօպերատոր  էլ  նախազգուշացում է  ստացել: Մինչ պատճառները կհայտարարվեն, մանկավարժներն արդեն անհանգիստ են, վստահեցնում են՝ առանց այս փաթեթի  չեն կարող  իրենց շռայլություն թույլ տալ ու հանգստանալ Հայաստանում:

 

Մեկ հիմնական ու երեք ընտրովի բաղադրիչներ պետական ծառայողներին հատկացվող սոցիալական փաթեթն է՝ առողջապահության բաղադրիչը պարտադիր է, իսկ մնացած երեք՝ հանգստի, հիփոթեքի մարման կամ ուսման վարձի փոխանցման բաղադրիչը շահառուն ինքն է ընտրում: Դեռ մի քանի ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարեց , որ սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչից դժգոհողներ կան, ավելին՝ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց ՎՊ-ի հետ համատեղ աշխատել ու պարզել, թե ինչի մասին է  խոսքը: Մի   քանի ամիս անց,  կառավարության նախորդ նիստում, վարչապետն արդեն   հայտարարեց. «Ժամանակավորապես կասեցնել միայն հանգստի բաղադրիչը»։

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մի քանի անգամ պնդեց՝ հանգստի բաղադրիչը կասեցված չէ, պարզաբանեց՝  կասեցումը վերաբերում է 2017-2019 թթ միջնաժամկետ ծրագրերում սոցիալական փաթեթի բաղադրիչի ներառմանը։ «Դա դեռ չի նշանակում, որ 2017թ  բյուջեում դա ներառելը բացառվում է»,- ասաց։ Ապրեսյանը, սակայն, չպարզաբանեց, որ եթե մոտ տասը միլիարդ դրամ չհատկացվի սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչին,  ինչպես կարող է   շահառուն օգտվել դրանից:

Կառավարության, այսպես ասենք,  ընդդիմախոսները պնդում  են՝ բյուջեում գումար չկա, դա է միակ պատճառը, որ  քննարկվում է 2017-2019 թթ  միջնաժամկետ ծախսային ծրագրում  չներառել  հանգստի բաղադրիչը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, հաշվապահ Մանե Թանդիլյանը հաշվարկներ է կատարել ու նշում է՝ ֆինանսների նախարարությունում  ֆինանսների  չկան: Հիշեցնենք, այս գերատեսչությունը   առաջարկում էր ամբողջովին հրաժարվել բաղադրիչից, սակայն  այս պահին որոշումն այնպիսին է, ինչպես կա։ «2015թ ընթացքում խոստացված գումարի չափով, որ պետք է մուտք լիներ պետական բյուջե, մոտավորապես   75 մլրդ կարգի  թերհավաքագրում է: 152 հազար պետական աշխատողի  մոտ  72 հազար դրամ հատկացնել տարեկան  կտրվածքով  մոտ 11 մլրդ դրամ է: Մենք հստակ տեսնում ենք, որ դա թերհավաքագրված գումարի 15 տոկոսն է։ Մի քանի նման խնայողություն և  մեր բյուջեն նորից իր տեսքին է, մենք նորից վարկունակ ենք»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը եւս կարծում է, որ հայտարարության հիմքում ֆինանսական խնդիրներն են։ Սպառողների իրավունքների պաշտպանը հիշեցնում է՝ երբ ներդրվում էր սոցփաթեթի հանգստի բաղադրիչը՝  հայտարարվում էր՝  կխթանվի ներգնա տուրիզմը ու ոչ միայն։ «Պետական աշխատողն ունի հանգստի կարիք: Սա նպաստելու է  պետական աշխատողի  աշխատանքի արդյունավետությանը:

«Ռադիոլուրի» զրուցակից մանկավարժը կարեւորում է սոցփաթեթի հատկապես   հանգստի բաղադրիչի կիրառումը, նշում, որ արդեն մի քանի տարի է օգտվում է  ու գոհ է դրանից։ «Իմացանք, որ 2017թ կասեցվելու է, ափսոս: Այս տարի դեռ չեմ դիմել, օգոստոսին կդիմեմ, բայց  գործընկերներս դիմել են, դեռեւս թույլատրվում է օգտվելու: Եթե չլիներ այդ հնարավորությունը, ես չէի կարող ինձ նման շռայլություն թույլ տալ ու իմ աշխատավարձով հանգստանալ Հայաստանում, քանի որ շատ թանկ է»,- ասաց:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը սոցիալական փաթեթի շահառուներին հորդորում է ակտիվորեն օգտվել  ոչ միայն  այս տարվա, այլ նաև 2015-ի  համար նախատեսված  ու դեռ չօգտագործված   հանգստի  բաղադրիչից:  Վստահեցնում է՝ հանգստի բաղադրիչը գործում է  ու կգործի մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը:

Back to top button