ԿարևորՔաղաքական

Էդ. Շարմազանով. Մադրիդյան սկզբունքները մեր երազանքի փաստաթուղթը չէ (լրացված)

տեղադրվել է ժամը 13։02- ին
լրացվել է ժամը 18։38- ին

lusinevasilyan

ՆԱՏՕ-ի  գագաթաժողովի ընթացքում հանրապետության նախագահի ելույթը երեք հստակ ուղերձ էր պարունակում՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու խոսել դրանց մասին:  Նրա գնահատմամբ ՝ ամենաառանցքայինը այն ամրագրումն է, որ  հայկական կողմի համար հիմնականը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Սա, Շարմազանովի կարծիքով, հստակեցնում է մեկնարկային այն կետը, որից կարող են շարունակվել բանակցությունները: ՀՀԿ փոխխոսնակն անդրադարձել է նաև  ՆԱՏՕ- Հայաստան հարաբերությունների հեռանկարին:

 

ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ամենակարեւոր ուղերձն, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, ստատուս քվոյի վերաբերյալ նախագահի հստակ ամրագրումն է: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի  ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Վարշավայում ասել էր հանրապետության նախագահը: «Այսինքն, պետք է այս կոնֆլիկտի ոչ թե հետեւանքները վերացնել, այլ պատճառները: Վարշավայում Սերժ Սարգսյաննը ուղիղ նշեց, որ թիվ մեկ խնդիրը ոչ թե տարածքների կամ փախստականների խնդիրն է, այլ կարգավիճակի և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրն է»:

Բացի այս ամրագրումից Վարշավայում հանրապետության նախագահը հստակ նշեց նաև, որ ՆԱՏՕ-ն չէ այն հարթակը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը, ուստի  Ադրբեջանի ցանկացած փորձ՝ տեղափոխել հակամարտությունը այլ հարթակներ, ընդունելի չէ ու հակասում է Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններին:

Ի դեպ,   Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կատարումը ևս հատուկ ընդգծվեց: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումները կշարունակվեն, Շարմազանովը նկատեց, որ ամենավատ բանակցություններն ավելի գերադասելի են, քան ամենալավ պատերազմը: «Ամենավատ բանակցությունն ավելի լավ է, քան՝ ամենալավ պատերազմը: Բոլոր կոնֆլիկտները լուծվում են բանակցային սեղանի շուրջ: Մեզ արժանապատիվ խաղաղություն է անհրաժեշտ»:

Թե ինչի շուրջ ենք բանակցում հարցը հստակ պատասխան չունի: Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք ինքնորոշման  իրավունքի իրացումը, որ նույնն է թե կարգավիճակի հարցը ամենաառանցքայինը համարելը չի հակասում մադրիդյան սկզբունքներին՝ մինչ այժմ պաշտոնապես ընդունված ու քիչ թե շատ գաղտնազերծված բանակցային հիմքին, Շարմազանովը հետեւյալ դիտարկումն արեց. «Մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքի փաստաթուղթը չէ: Դրա վրա տարբեր աշխատանքային տարբերակներ են մշակվել,  եղել է Կազանի փաստաթուղթ, որից Ադրբեջանը հրաժարվել է: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի համար առանցքայինը ինքնորոշման իրավունքի իրացումն է»:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հետ հետագա համագործակցությանն անդրադառնալով՝  ԱԺ փոխխոսնակը նշեց, որ մեր երկիրը  շարունակելու է իր համագործակցությունն այդ կառույցի հետ այն նույն մակարդակով, որով համագործակցում է այսօր,  բայց Շարմազանովը համոզված է, որ երկարաժամկետ առումով Հայաստանի տեղը  ՀԱՊԿ-ում է։ Նա չի կիսում այն տեսակետը, որն ի դեպ հնչել է ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական կուսակցություններից, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, քանի որ այդ կառույց մեզ հրավիրել են, իսկ ՆԱՏՕ-ից հրավերներ կարծես թե չենք ստացել: «Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հիմնական խաղացողը Թուրքիան է։ Ես կարծում եմ, որ Հայաստանն անելիք չունի մի ռազմաքաղաքական բլոկում, որտեղ Թուրքիան է: Եվ այն կարծիքին չեմ, որ ՀԱՊԿ-ին ենք անդամակցել, որովհետեւ  ՆԱՏՕ-ից անդամակցելու հրավեր չենք ստացել»:

Վարշավյան գագաթաժողովը ցույց տվեց նաև, որ  Հյուսիսատլանտյան դաշինք-Ռուսաստան հարաբերությունները մոտ ապագայում ջերմ դառնալ չեն խոստանում: Որքանով է  սա սպառնում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Հայաստանին: Շարմազանովը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները  լինեն համագործակցային, այլ ոչ` հակասական:

Իսկ դիտարկմանը,  թե ՀՕՊ համաձայնագրի վավերացումը քայլ է ՆԱՏՕ-ի դեմ, Շարմազանովը չհամաձայնեց` ասելով, որ Հայաստանը, ՀՕՊ համաձայնագիրը վավերացնելով, ոչ մեկի դեմ չի գործել, այլ գործել է իր պետական ու ազգային շահերից ելնելով:

Back to top button