Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Վուսթըր քաղաքից ժամանած ուխտավորների

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասաչուսեթսի Վուսթըր քաղաքից ժամանած ուխտավորների` ուղեկցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Հոգեշնորհ Տ. Սահակ ծայրագույն վարդապետ Եմիշյանի:

Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտավորներին` Հայր Սահակն անդրադարձավ նաև Վուսթըր քաղաքի պատմությանը` ընդգծելով, որ հայկական համայնքն այնտեղ ունի հնագույն պատմություն:

Այնուհետև իր հայրապետական խոսքը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ողջունելով հայորդիների` Հայրենիք ուխտավորաբար այցելելու հանձնառությունը: Վեհափառ Հայրապետը չափազանց կարևոր նկատեց նրանց կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ` հորդորելով Հայրենիքի տեր ու զավակ համարել իրենց: Նորին Սրբությունը նշեց, որ նման այցերը նաև մեծ նշանակություն ունեն հայրենաբնակ հայորդիների համար, ովքեր առանձնահատուկ ուրախություն են ապրում` տեսնելով, թե ինչպես են Սփյուռքում իրենց եղբայրներն ապրում հայաշունչ կյանքով:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայոց երկրի շինության գործում Սփյուռքի ունեցած լուրջ ներդրմանը: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ուխտավորներին հայոց կյանքում նրանց բերած օգտաշատ ծառայությունների համար:

Հանդիպմանը անդրադարձ եղավ Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին:

Back to top button