Հասարակություն

Ջավախքում տանը սպանված են գտել հայ ընտանիքի չորս անդամներին

Ախալքալակի շրջանի Վաչիան գյուղում հարեւանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի եւ նրա՝ 5, 16 եւ 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի եւ Ասյայի դիերը:

Ըստ համագյուղացիների, ընտանիքի հայրը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Մահվան հանգամանքների մասին դեռեւս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ տեղի է ունեցել դաժան սպանություն:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախնական տվյալներով, նրանց մահը վրա է հասել երկու օր առաջ. մայրը եւ ավագ դուստրերը՝ Արմինեն եւ Ասյան մահացել են բութ գործիքով հասցված հարվածների հետեւանքով, իսկ կրտսեր երեխան՝ Սերյոժան խեղդամահ է եղել:

Ըստ համագյուղացիների, Քաչոտյանների ընտանիքն ապրել է համեստ, միջին եկամուտներով: Օֆելյան իր երեխաների հետ Վաչիանում զբաղվել են հողագործությամբ ու անասնապահությամբ:

Հարցուցվել է քրեական գործ:

Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է, գտնվում է  Ախալքալակից 6 կմ հեռավորության վրա:

Back to top button