ԿարևորՏնտեսական

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներին հայ գործարարները ներկայացնում են իրենց դժգոհությունները

hasmikdilanyan

Խնդիրներ, որոնք առաջանում են ԵԱՏՄ անդամ  երկրներ  ապրանքներ արտահանելիս: Գործարարներն արդեն երկու օր է, ինչ դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներին են ներկայացնում, լուծումներ փնտրում: Գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը հիմնական խնդիրներն է  թվարկել՝  սննդի անվտանգության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչում, ԱԱՀ-ի հետ կապված խնդիրները:  ԵՏՀ կոլեգիայի անդամ, տնտեսության և քաղաքականության  ֆինանսական հարցերով նախարար Թիմուր Սուլեյմենովն  էլ  հայտարարել է՝ չկան հարցեր, որոնք մենք չկարողանանք լուծել: 

 

ԵԱՏՄ անդամ՝ առանց ընդհանուր սահմանների: Սա  ՀՀ առանձնահատկությունն է: Դեռ անդամակցության մասին հայտարարության ժամանակ պաշտոնյաները պնդում էին՝ փաստը չի խոչընդոտի՝ Հայաստանի լիարժեք ինտեգրմանն  ու  տնտեսական  հաջողություններին: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ է խոստովանում ՝ միասնական սահմանի բացակայությունն էականորեն դժվարացնում է հիմնական առավելություններից օգտվելու հնարավորությունը։

Գուցե սա է պատճառը, գուցե այլ պատճառներն էլ կան. դժվար է  ասել, սակայն հստակ է՝ հայ տնտեսվարողները ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանք արտահանելիս խնդիրների պակաս չունեն՝ սկսված միասնական նորմերի ձեւավորումից մինչև տեխնիկական կանոնակարգերի ընդունում:

Գործարարները ժամանակ առ ժամանակ իրենց դժգոհությունները բարձրաձայնելու հնարավորություն ունեն: Այս օրերին Երեւանում են ԵԱՏՀ անդամները: Նրանք հայ գործարարներից հիմնականում ԱԱՀ-ի հետ կապված դժգոհություններն են լսել, խոչընդոտները շատ են նաև ոսկերչության ոլորտում:

Գործարարների ու արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանն է թվարկում  խնդիրները, շատ են՝ ասում է, վստահեցնում է՝ դրանք ԵԱՏՄ անդամ   բոլոր երկրների գործարարներին են հուզում: Սննդի անվտանգության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման հարցը նույնպես խնդրահարույց է, ԱԱՀ-ի հետ կապված խնդիրները նույնպես շատ են՝ ասում է  Գործարարների և արդյունաբերողների միության նախագահը։

Արսեն Ղազարյանի խոսքով, ակնհայտ է. որ ԱԱՀ  կիրարկման  համակարգը պետք է կատարելագործվի: ՀՀ-ն աշխատում է էլեկտրոնային եղանակով, մինչդեռ ԵԱՏՄ անդամ մյուս  երկրները դեռ այս համակարգին չեն տիրապետում: Ուստի, Ղազարյանի փոխանցմամբ, անդամ մյուս երկրները պետք է Հայաստանի փորձն ուսումնասիրեն ու  կիրառեն իրենց երկրներում:

Օրենսդրությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն է  տեսնում  նաև ԵՏՀ կոլեգիայի անդամ, տնտեսության և քաղաքականության  ֆինանսական հարցերով նախարար Թիմուր Սուլեյմենովը։ Նշում է, որ հատկապես ոսկերչության ոլորտում Հայաստանն արտահանման մեծ  ներուժը ունի:  Թվարկելով խնդիրները՝ Սուլեյմենովն ասում է. որ չկան հարցեր, որոնք չկարողանանք լուծել: Այդուհանդերձ, որպես դժվար լուծելի խնդիր առանձնացնում է  ԱԱՀ- ն։ Հարկային ու մաքսային օրենսդրությունը նույնպես պետք է վերանայել։ ԵԱՏՀ կոլեգիայի անդամը նշում է, որ հայկական ապրանքը օրինակ Ղազախստանի շուկայում չպետք է տեղականից ավելի բարձր հարկվի:  Միասնական արժույթ ունենալու հարցը  չի քննարկվում, թեեւ օրակարգում է  միասնական ֆինանսական շուկայի ձեւավորումը։ Օրակարգում է նաեւ միասնական մաքսային օրենսգրքի հարցը։

Թիմուր Սուլեյմանովը  հիշեցրեց, որ Մաքսային միասնական օրենսգիրք ունենալու հարցը քննարկվել է Երեւանում ՝ Եվրասիական միջկառավարական  հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:  Կոնկրետ ժամկետներ են նշվել ՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 1- ը փաստաթուղթը պատրաստ  կլինի:

Այս նիստում տրանսպորտային հարցեր չեն քննարկվել: Այս հարցը, ի դեպ, հատկապես հայկական կողմի համար այս օրերին ավելի քան արդիական է, քանի որ  հայ արտահանողներն  այս օրերին նոր խնդրի առջև են կանգնած՝ փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային՝ ռազմավիրական ճանապարհը։ Ավելին՝ միայն ցերեկային ժամերին բացված ճանապարհը ամեն վայրկյան կարող է փակվել: Վերջին շրջանում  ավելի հաճախ են կառավարությունում խոսում Ռուսաստանի հետ այլընտրանքային ճանապարհ ունենալու անհրաժեշտության մասին։ Թե երբ  լուծումներ կգտնվեն, դժվար է ասել: Հստակ է մի բան՝ մինչ  այդ հայ գործարարները շարունակում են խնդիրների առջև կանգնել:

Back to top button