Թերություններ լիմոնադներում. ՍՊԱԾ- ը հանդիպման է հրավիրել արտադրողներին
Հերթական խախտումներն են հայտնաբերվել. այս անգամ զովացուցիչ ըմպելիքների շուկայում: Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնք իրենց արտադրանքում ունեն թերություններ։ Սննդի անվտանգության պետական ծառայությունն էլ հետամուտ է խնդրին և հարցին լուծում տալու համար արդեն ձեռնարկել են համապատասխան քայլեր:
Առողջապահական ոլորտի մասնագետները միշտ են հորդորում երեխաներին ապահովել առողջ սննդակարգով թերսնումից, գերքաշությունից և թունավորումներից հնարավորինս զերծ պահելու համար: Սակայն ամեն անգամ սննդամթերքի այս կամ այն շուկայում հայտնաբերվում են թերություններ, որոնց արդյունքում էլ գրանցվում են թունավորման բռնկումներ, ինչպես եղավ նախորդ տարի մանկահասակների ու դպրոցահասակների շրջանում:
Ամռան տապին մասնագետները հորդորում են առավել շատ օգտագործել հեղուկներ: Որքանո՞վ է սակայն ապահովագրված զովացուցիչ ըմպելիքների շուկան: Հայաստանի սպառողների ասոցիացիան խախտումներ է հայտնաբերել նաև այստեղ: Ահազանգի հետքերով ասոցիացիան ծնողների կողմից հավաքված լիմոնադի շշերը ներկայացրել է Սննդի անվտանգության պետական ծառայություն։ Այն ուղարկվել է լաբորատորիա ուսումնասիրության: Արդյունքում 10 նմուշներից 7-ը չի համապատասխանել սահմանված նորմերին՝ ասում է ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Այս առնչությամբ նամակ է ուղարկվել ՀՀ վարչապետին, սակայն պատասխան նամակում մերժվել է փոքր ձեռնարկություններում նման ուսումնասիրություններ անցկացնելը: Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Նվարդ Առաքելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ արդեն պայմանավորվածություն կա՝ հանդիպել տնտեսվարող սուբյեկտների հետ: «Որպեսզի խնդրին համակարգային լուծում տրվի՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել ասոցիացիայի նախագահի հետ համատեղ հանդիպում կազմակերպել ոլորտում աշխատող արտադրող տնտեսվարողների հետ, որպեսզի ՍԱՊԾ-ի կողմից վեր հանվեն այն փաստերը, խախտումները, որոնք շտկման ենթակա են և հանձնարարականներ տրվեն, որպեսզի տնտեսվարողները վերացնեն իրենց արտադրության մեջ այդ բացթողումները»։
Կառույցի ներկայացուցչի խոսքով՝ հարցի վերջնական պատկերը պարզ կլինի մի քանի օրից: