Հասարակություն

Արտերկրում բուժման համար զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսը ու կեցության ամբողջ ծախսը ևս կփոխհատուցվի

hasmikdilanyan
Կառավարությունն այսօր  հստակություն է մտցրել իր  2016 թ.  ապրիլի 21-ի  որոշման մեջ, մասնավորապես, ՀՀ-ից  դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգում հանվեց «համապատասխանաբար 50 տոկոսի չափով» բառակապակցությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյան խոսքով,  նախագիծը մշակվել է  «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Կառավարության որոշմամբ սահմանվում է ոչ թե զինծառայողին ուղեկցող անձի` օտարերկրյա պետությունում ճանապարհածախսի և կեցության գումարի չափը, այլ այդ գումարի հատկացման կարգն ու պայմանները:

«Մյուս կողմից՝ առկա ձևակերպումը կրում է խիստ խտրական բնույթ, քանի որ ստացվում է, որ պետական մարմինների աշխատակիցներն օգտվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ սահմանված հատկացումներից 100 տոկոսի չափով, մինչդեռ իր որդուն կամ ամուսնուն բուժման համար արտասահման մեկնած անձը` միայն դրա կեսի չափով: Ուստիև` առաջարկվող լուծումն է` հանել  50 տոկոսի չափով» բառերը»,-  հայտարարել է Մկրտչյանը:

Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում՝ ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը:

Back to top button