Հասարակություն

«Հին Երևան»-ը մոտենում է իրականացման փուլին

arminegevorgyan
10 տարուց ավելի քննարկվող «Հին Երևան» նախագծի իրականացման հողային աշխատանքները սկսվել են՝ Բուզանդ փողոցի  կողմից։ Այն նախատեսված է ավարտին հասցնել հինգ տարի հետո: Նշենք, որ ըստ նախագծի՝ քանդված պատմամշակութային շենքերը ծրագրվում է վերականգնել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում, որի մեջ ներառվելու են շուրջ 30 հուշարձաններ, որից 14-ը տեղում կան, մյուսները կառուցվելու են՝ Աֆրիկյանների տուն, Միրզոյան եղբայրների, Հախնազայաների տուն և այլն:

Շուրջ տասը տարի քննարկվող «Հին Երևան» նախագիծը մոտենում է իրականացման փուլին։ Նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշում է, որ գլխավոր խնդիրն արդեն լուծվել է՝ ներդրող կա և իր համառ պայքարի արդյունքում հին Երևանի մի զգալի մասը կփրկվի անհետացումից։  Խորհրդային և անկախության շրջանում քանդված պատմամշակութային շենքերը ծրագրվում է կառուցել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում։

«Հին Երևան» ծրագիրն այս տարիների ընթացքում մի քանի հավանական ներդրողներ է ունեցել։ Սկզբում հեղինակները խոսում էին Ռուսաստանի աջակցության մասին, հետո «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունն էր «Հին Երևանը» կառուցելու պարտավորություն ստանձնել։ Ի վերջո՝ կառավարությունը պայմանագիր կնքեց շվեյցարաբնակ Վարդան Սիրմակեսի հետ, ով շենքերի կառուցման համար նախատեսում է ներդնել 120-150 միլիոն դոլար։ Պայմանագրում չի նշվում, թե «Հին Երևանի» սեփականատերը ինչի համար է շենքերն օգտագործելու։ Հստակ է միայն, որ դրանք բնակելի չեն լինելու։

Ծրագրի հեղինակը նաև խոստանում է, որ շենքերը ոչ միայն արտաքինից կվերականգնվեն, այլ հետ կբերեն նախկինում գոյություն ունեցող միջավայրը։ «Հին Երևանի» շենքերը կունենան նաև բակեր ու մառաններ։

Սակայն ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ասում է, որ այս մտահաղացումն արհեստածին է և աշխարհում ոչ մի տեղ նման բան գոյություն չունի։

Նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանին ընդդիմախոսների կարծիքը չի հետաքրքրում։ Ժամանակին նրանց փորձել է  բացատրել, թե ինչ է լինելու, բայց  նրանք չեն ընկալում,այլ փոխարենը խոսում են, ինչպես ինքն է ասում, Թամանյանի «գենպլանից»:

«Ինչ կապ ունի գենպլանը այսօրվա վիճակի հետ, եթե նախագիծը չանեինք, տեղում տասնչորս շենքերն էլ պետք է քանդվեին, կլիներ վուլգար ապակեպատ խանութներով պողոտա»:

Չնայած ծրագիրը մշակութային ուղղվածություն ունի, բայց նախատեսվում է նաև ստորգետնյա կայանատեղի կառուցել, որը, ըստ հեղինակների, կբեռնաթափի կենտրոնի փողոցները։ Անդրադառնալով Արամի փողոցում գտնվող Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի տան անմխիթար վիճակին՝ Լեւոն Վարդանյանը նշում է, որ «Հին Երեւան» նախագիծն իրականացվում է, որ նաեւ այդ շենքը փրկվի։

Back to top button