Տնտեսական

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում».գյուղացիները պահանջում են վնասներին ծանոթանալ տեղում

lenabadeyan
Վերջին շրջանում տարերային աղետները լուրջ խնդիրներ են առաջացնում ՏԻՄ ղեկավարների եւ գործադիր իշխանության համար: Արթիկի ջրեղեղի հետեւանքները դեռ չվերացրած գործադիրը ստիպված է լինելու քննարկել նոր փոխհատուցումների հարցը: Այս անգամ կարկուտն է լուրջ վնասներ հասցրել Շիրակի մարզի որոշ համայնքների: Հուսահատ բնակիչներն այսօր նույնիսկ դիմել են բողոքի ծայրահեղ քայլի՝ փակել են ճանապարհը:

 

 

Երեկ Շիրակի մարզում տեղացել է ուժեղ կարկուտ, որը որոշ գյուղերում վնասել է ցանքատարածությունները: Ինչն է տուժել եւ ինչքան՝ դեռ պարզ չէ: Այսօր ոչ աշխատանքային օր է եւ տեղական իշխանություններից որեւէ պաշտոնյա կամ իրավասու այդպես էլ չի այցելել գյուղացիներին: Վահրամաբերդ, Մարմաշեն եւ  Կապս համայնքների բնակիչներն այսօր նույնիսկ փորձել են փակել մարզային նշանակության ճանապարհահատվածի Գյումրի-Մարմաշեն հատվածը: Պահանջը միակն էր՝ մարզային իշխանությունների ներկայացուցիչներն այցելեն համայնքներ ու տեղում ծանոթանան, թե ինչ չափի վնասներ է հասցրել երեկվա ուժեղ կարկուտը: Ճանապարհահատվածը փակ է մնացել շատ կարճ ժամանակ: Գյուղապետերը ցուցարարներին վստահեցրել են, թե մարզպետարանից խոստացել են հարցը բարձրացնել կառավարությունում, այդ նպատակով համայնքապետերին Շիրակի մարզպետարան խորհրդակցության են հրավիրել: Բայց գյուղացիները խիստ կասկածում են խնդրի լուծմանը: Վերջին 4 տարիներին կարկուտն անընդհատ, ինչպես ասում են, «ծեծած տեղն է ծեծում»։

Հանձնաժողովները կազմվում են, ուսումնասիրում , հաշվում վնասի չափը, ներկայացնում են ու …  փոխհատուցումն այդպես էլ տեղ չի հասնում: Ինչո՞ւ է կարկուտը թիրախավորել հատկապես Շիրակի մարզը:  Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը այս հարցի պատասխանը գիտի: Ամիսներ առաջ հույս ունեին խնդիրը լուծելու ՌԴ օգնությամբ, բայց, ինչպես այսօր արդեն երեւում է, խնդիրը դեռ չի լուծվել:

«Մենք կունենանք ՌԴ-ից երկու նոր ռադիոլոկացիոն կայան՝ մեզ համար ինչ որ չափով նոր, իսկ իրականում՝ ինչ որ չափով աշխատած, բայց շատ լավ վիճակում գտնվող: Դա առանց ֆինանսական միջոցների ենք ունենալու: մեկը կդրվի Շիրակի մարզում, որտեղ չունենք մենք ռադիոլոկացիոն կայան, իսկ մյուսը կդրվի Արարատյան դաշտավայրի համար, որովհետեւ Աշտարակում գտնվող լոկացիոն կայանն արդեն բարոյապես մաշված է եւ դրան փոխարինելու կարիք մենք ունենք»:

Իսկ կառավարությունը 6 օր առաջ 18 մլն դրամ հատկացրեց Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ տեղադրելու  համար: Դրանք կտեղադրվեն Դվին, Վերին Արտաշատ, Խնաբերդ եւ Այգեզարդ գյուղերում: Կառավարության այդ նիստից հետո տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը հաստատել էր, որ «գյուղերում ամենամեծ խնդիրներից մեկը հակակարկտային համակարգերն են, քանի որ լուրջ եկամուտների կորուստ ենք ունենում»:

Նախարարը լավատեղյակ է, որ գյուղացիները իրենցիցի հիմնականում պահանջում են արտադրանքը փրկելու խնդիրը լուծել: «Առաջիկայում լուրջ ծավալային ներդրում իրականացնելու խնդիր ունենք լուծելու ՝ հակակարկտային համակարգերի եւ ցանցային ապահովության խնդիրը »,- ասել էր Դավիթ Լոքյանը: Գերակա նույն խնդիրն իր առջեւ դրել է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հաստատում է փոխնախարարը:

«ՀՀ կառավարությանը ներկայացված են այն ծախսային միջոցները, որոնք անհրաժեշտ են համալրելու հակակարկտային կայանները: Առաջիկայում ենթարդում ենք, որ քննարկման արդյունքում գուցե կունենանք համապատասխան գումարներ ավելացնելու հակակարկտային կայանների թիվը»:

Գոյություն ունի այսպիսի մի հաշվարկ: Անցյալ տարվա դրությամբ Հայաստանում տեղադրված էր 412 հակակարտային կայան, սակայն ընդհանուր պահանջարկը 5 165-ն է, որից առաջնային է համարվում 1021-ը: Ամեն դեպքում՝ երեկ ողջ օրվա ընթացքում, հատկապես երեկոյան ժամը 17-21 ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հակակարկտային կայանքներն աշխատել են: Կիրառվել են Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում, որտեղ, ընդհանուր առմամբ, վնասազերծել են կարկտաբեր 11 ամպ: Ինչ վերաբերում է անկայուն եղանակին, ապա օդերեւութաբանները կանխատեսում են, որ այն կշարունակվի մինչեւ հուլիսի 9-ը ներառյալ:

Back to top button