Հասարակություն

Արթիկում աղետի նոր վտանգը չի վերանա, մինչեւ չմաքրվեն ձորակում կուտակված թափոնները

hasmikdilanyan

Արթիկի աղետից շուրջ  տասը օր անց էլ  հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները չեն ավարտվել: Սելավատարը դեռ մաքրվում է, ծանր տեխնիկան  ու բեռնատարները  շարունակում են աշխատել քաղաքում: Այսօր արդեն կավարտվեն  մանկապարտեզի հարակից շենքի տարածքի մաքրման աշխատանքները:  Աղետի  հետեւանքները գուցե վերացվեն,  սակայն նման իրավիճակի  կրկնության վտանգը չի անցել ու չի անցնի այնքան ժամանակ, քանի դեռ 70 և ավելի տարիներ քաղաքի ձորակներում կուտակված թափոնները չմաքրվեն։ Թե ինչպես են լուծելու  արթիկցիները այս խնդիրը, չգիտի անգամ համայնքի ղեկավարը՝  քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Իսկ աղետը կանխել հնարավոր էր, նախնական հաշվարկներով, շուրջ 350 մլն դրամ օժանդակության դեպքում։ Այժմ  գուցե ավելին անհրաժեշտ լինի: Կառավարությունը որոշեց  աջակցել արթիկցիներին։ Նրանք,սակայն, փոխհատուցման ակնկալիք ունեն:

 

Բեռնատարներ, ծանր տեխնիկա, հեղեղի  հետեւանքով  քաղաքում հայտնված մեծածավալ  տիղմ  ու… կամավորներ: Արթիկիում տեղի ունեցած հեղեղից  տասը օր անց էլ հետևանքները դեռ վերացված չեն: Թե որքան ժամանակ ու գումար կպահանջվի՝ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը դեռ դժվարանում է ասել: Հեղեղատարի մաքրման աշխատանքները շարունակվում  են, փոխվում են մանկապարտեզի ու դպրոցի  խցանված կոյուղագծերը:  Թե ինչու  նման իրավիճակ ստեղծվեց՝ քաղաքի ղեկավարը գիտի, չգիտի սակայն, թե ով է ստեղծված իրավիճակի պատասխանատուն: «Թափոնները ձորակներ են լցվել՝ սկսած հանքերը հայտնաբերելուց՝ 1930-ական թվականներից: Վերջին 20 տարիներին ձորակի հարակից որևէ քարհանք չի շահագործվել: Հիմա եկեք հասկանանք, թե ով էր պատասխանտու, որ Խորհրդային Միության տարիներին  տասնյակ տարիներով այդ թափոնները ձորակն էին լցվում»:

Վտանգի մասին դեռ 2013 թ է բարձրաձայնվել, նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերն են անգամ պատրաստվել, նախնական ֆինանսական գնահատում նույնպես կատարվել է՝ մոտ 350 մլն դրամ կպահանջվեր՝ նման իրավիճակում չհայտնվելու  համար:  Սակայն գումարներ չեն գտնվել։ Քաղաքապետը չի բացառում, որ այժմ արդեն ավելի մեծ ֆինանսներ  են անհրաժեշտ: Նման իրավիճակ ամեն վայրկյան կարող է կրկնվել՝ ասում է քաղաքապետը:

Հեղեղից տասն օր անց էլ  համապատասխան կառույցների հասցեին  հնչող քննադատությունները չեն դադարում:   Դրանց հետ համամիտ չէ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքների ծառայությունների հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանը: Նա պնդում է՝ աշխատանքները  ժամանակին են սկսվել

Արթիկցիների մի մասի ասում է՝ կորցրել է գույքը, ապրուստը, ոմանք էլ՝ տան ոսկեղենը։ Քաղաքապետը նմանատիպ հայտարարությունները ֆանտաստիկ է համարում, արթիկցիներն էլ կառավարության աջակցությանն են սպասում: Միայն թե պաշտոնական ու ոչ պաշտոնական հաշվարկներն այս անգամ էլ իրար չեն համապատասխանում:

Կարախանյանն ու մյուս արթիկցիները չեն հասկանում, թե ինչպես են հաշվարկներ կատարվել, հանձնաժողովն ինչպես է աշխատել:Նրանց   քաղաքապետն է հակադարձում. աշխատանքի ողջ ընթացքն անգամ լուսա ու տեսանկարահանել են։ Բացի այդ, սա   փոխհատուցում չէ՝ մեկ  անգամ ևս հստակեցնում է Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը։ «Կառավարության որոշման մեջ խոսքը ոչ թե վնասի փոխհատուցման, այլ՝ աջակցության մասին է: Խոսքն աղետից տուժած տվյալ դեպքում 12  բնակարանների բնակիչներին աջակցելություն հատկացնելու մասին է: Որոշում է կայացվել, որ աջակցություն կստանան այն անձինք, ովքեր ունեն վնասված բնակարաններ, վնասված ցանքատարածություններ,գյուղատնտեսական կենդանիներ։ Հատկացված միջոցները բավարար են, որ տները բերվեն  մինչ աղետն  ունեցած վիճակին»,- ասում է Աբրահամյանը:

Ի դեպ, որևէ արթիկցի այս ընթացքում համայնքի ղեկավարին կառավարության աջակցությունից շնորհակալություն չի հայտնել, նրան հանդիպած բոլոր  արթիկցները միայն դժգոհել են:

Back to top button