Հասարակություն

Վարդենիկից արտագաղթում են երիտասարդ ընտանիքները

satikisahakyan
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տարիներ շարունակ տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի տան հոգսը թողնելով կանանց և երեխաների ուսերին: Նրանք արդեն ընտելացել են  տարվա մեծ մասը դրսում աշխատելուն, քանի որ  միայն հողից եկամուտ ստանալը չի բավարարում իրենց կարիքները: Աշխատանք գտնելու հույսով Ռուսաստան են մեկնում նաև երիտասարդ ընտանիքները:

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի վարչական տարածքը գրեթե 9000  հա է, բնակչության թիվը հասնում է մոտ 11000-ի, որոնց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի: Տեղացիները համոզված են՝ խոպան չգնան՝ լավ չեն ապրի: Գյուղում բոլորն էլ հող ունեն և  զբղվում են երկրագործությամբ, կարտոֆիլ, կաղամբ և հացահատիկ են մշակում: Բերքն իրացնում են շուկայում, կամ վաճառում  դաշտում՝  հողի վրա, երբեմն էլ փոխանակում են որևէ ապրանքով:  իրենց խոսքերով՝ տարի կա լավ է լինում, տարի էլ կա` ոչ:

Անցած տարի կաղամբի լավ բերք են ստացել, սակայն չեն կարողացնել իրացնել: Ամբողջ տարվա եկամուտը գյուղացիներն ապահովելու էին կաղամբի ու կարտոֆիլի վաճառքից:  Վարդենիկում գրեթե տուն չկա, որ արտագնա աշխատանքի մեկնող չունենա,  սկզբում հայրը, հետո որդին: Ռուսաստանում նրանց համար աշխատատեղերը մշտապես ապահովում են ռուսաստանաբնակ համագյուղացիները, որոնք զբաղվում են ճանապարհաշինությամբ և կառուցապատմամբ: <<Մեր գյուղացիները գնում են Չելյաբինսկ,  Տյումեն, Պերմ, Մոսկվա Սարատով, Սամարա, Արմավիր >>,-ասում է 17 ամյա Ցոլակ Ղազարյանը:

Ցոլակի հայրն այս տարի կարճ ժամանակով արդեն  գնացել, աշխատել ու վերադարձել է, սպասում է երկրորդ  մեկնելուն: Ռուսաստանում տնտեսական  առկա խնդիրների պատճառով խոպանչիներն անգործ են մնացել, տեղից-տեղ են տեղափոխվում՝ նոր աշխատանք գտնելու հույսով: Ռուսաստան են մեկնում նաև նորաստեղծ երիտասարդ ընտանիքները, նրանց մի մասը վերադառնում է, մի մասը՝ մնում: «Իրենց համար այստեղ ապրելն արդեն հետաքրքիր չէ, քանի որ գործ չունեն, տուն պետք է ստեղծեն, դրա համար էլ մնում են Ռուսաստանում»,- համոզված են գյուղի  երիտասարդները:

Ընտանիքները համակերպվել են տարվա մեծ մասը մասնատված ապրելուն, այս դեպքում տան հոգսն ընկնում է կնոջ և երեխաների ուսերին, այդ թվում նաև հողի մշակության:

Սեփական հողամասերը շատ չեն, մոտ կես հեկտար,  Երեխաները  կարտոֆիլի, կաղամբի մշակության մեջ արդեն վարպետացել են, գիտեն ինչպես վարվել, որպեսզի քիչ չարչարվեն:

Արտագնա աշխատանքի մեկնողների մի մասը, որոնք ընտանիքներով են մեկնել՝  լքել են հողը, սակայն գյուղում քիչ չեն խոշոր ֆերմերները, նրանք մոտ 60 հա հող են մշակում, միաժամանակ ապահովում համագյուղացիների ժամանակավոր զբաղվածությունը:

Back to top button