Հասարակություն

ՔԿ. Վանաձորի սպանության շարժառիթը հայտնի է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից։

2016 թվականի հուլիսի 03-ին՝ ժամը 12.20-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1961թ. ծնված Արմեն Մնացականյանի դիակը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով և ձախ թևի քերծվածքներով»:

Պարզվել է, որ Ա.Մնացականյանի դին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքին հարակից հանդամասում գտնվող քլորատան մոտից։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, և իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի առաջին մասերով։

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Ա.Մնացականյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքը պատճառվել է ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որից հետո վերջինս դիմել է փախուստի։ Պարզվել է վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, շարժառիթը։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ անհատ ձեռնարկատիրոջը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button