![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2014/11/mis.jpg)
Ամռան տապին ընդառաջ ավելացել է պաղպաղալկի պահանջարկը: Մասնագետները սակայն հորդորում են զերծ մնալ պատահական ու հատկապես բացթօյա վայրերից լցնովի պաղպաղակ գնելուց: Նրանք կոչ են անում օրական 2,5 –ից 3 լիտր հեղուկ օգտագործել, ընդ որում՝ մաքուր ջուր կամ սառը թան, չմոռանալ նաև, որ պատահական վայրերից չպետք է նաև միս կամ մսամթերք գնել:
Երբ ջերմաստիճանի սանղղակը հատում է 30 աստիճանը, ամեն քայլափոխի Երևանում, և ոչ միայն, կարելի է հանդիպել անցորդների, որոնք ամռան տապը փորձում են հագեցնել պաղպաղակով: Ընդ որում, այս դեպքում գրեթե կարևոր չէ, թե ինչ պաղպաղակ են նրանք օգտագործում։ Համենայնդեպս, Երևանի կենտրոնում կատարված փոքրիկ հարցախույցը դրա մասին է վկայում:
Մասնագետները շարունակում են պնդել՝ փողոցից, ու ընդհանրապես պատահական վայրերից, չպետք է պաղպաղակ գնել, դրանք վտանգավոր են, անհայտ է նրանց ծագումն ու բաղադրությունը: Խնդիրը սրվում է հատկապես շոգ օրերին, երբ աղեստամքոսային թունավորումների հավանականությունը մեծանում է:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը վստահեցնում է՝ հայկական պաղպաղակն իր որակային հատկանիշերով չի զիջում առաջատար երկրների պաղպաղակներինը: Մեր առաջատար ընկերությունները ոչ թե բուսական յուղ, այլ՝ կարագ են օգտագործում, պահպանում են անհրաժեշտ բոլոր կանոնները՝ ասում է սպառողների իրավունքների պաշտպանը՝ կոչ անելով փողոցից ու պատահական վայրերից պաղպաղակ չգնել: Հակոբյանը վստահեցնում է՝ փողոցում վաճառվող լցնովի պաղաղակների հիմնական մասը ոչ թե իրականում պաղպաղակ է, այլ՝ կաթի փոշու և շաքարավազի խառնուրդ:
Ամռան տապին վտանգավոր է դառնում նաև պատահական վայրերից, որտեղ հիգիենայի տարրական կանոնները չեն պահպանում, միս եւ մսամթերք գնելը։ Ասոցիացիայի փոխնախագահ Մելիտա Արիստակեսյանը նաև որակի աուդիտոր է։ Վստահեցնում է՝ հայկական միս ու մսամթերք արտադրող կազմակերպությունները բարեխղճորեն են աշխատում, պահպանում են պահանջվող բոլոր կանոնները:
Սպառողների իրավունքների պաշտպան Մելիտա Հակոբյանն այսօր նաև արտադրողների շահերն է պաշտապնում: Ընդգծում է՝ արտադրողները ծանր վիճակում են հայտնվել, նվազել է առևտուրը, ուստիև պետք է գոնե ուրախ լինել, որ տնտասվարողները մեր երկրում գոյատևում են: