Ճարտարապետ. Ազգաբնակչությունն ինքն էլ պետք է մտածի իրենց շենքի սեյսմիկ անվտանգության մասին
Այսօրվա նորակառույցները կառուցվում են սեյսմիկ նորմերին համապատասխան, հակառակ խորհրդային տարիներից ժառանգած շենքերի, որոնք այսօր ամրացման կարիք ունեն՝ ասում է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ու ավելացնում՝ մենք բնակվում ենք 9 բալանոց սեյսմիկ վտանգի գոտում, իսկ այդ շենքերը կառուցվել են 7 բալ ուժգնությամբ` երկրաշարժերին դիմակայելու համար: Բնության արհավիրքների հետևանքով գրանցված վնասներից հետո դասեր չենք քաղում՝ ասում է ճարտարապետն ու նշում, որ բնակչությունն ինքն էլ պետք է մտածի իր շենքի սեյսմիկ անվտանգության մասին:
Քաղաքում օր օրի վեր խոյացող նորակառուցների ու Խորհրդային Միությունից ժառանգած շենք-շինությունների սեյսմիկության մասին կրկին բարձրաձայնում են ճարտարապետները: Բնության արհավիրքներից հետո էլ փորձը ցույց է տալիս, որ նախորդից դասեր չեն քաղվում: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը հիշում է Գյումրիում 30-ականներին տեղի ունեցած երկրաշարժը և նշում, որ դրանից հետո քաղաքում լայն թափով կառուցապատում կատարվեց, սակայն 88-ի երկրաշարժը միանգամից հողին հավասարեցրեց բոլոր աշխատանքները։ «Երևանն էլ սեյսմիկ գոտի է: 7բալանոց շենքերով է ամբողջը նախագծված ու կառուցված, այն պարագայում, որ Երևանը համարվում է 9 բալանոց գոտի»,- ասում է:
Ազգաբնակչությունն ինքն էլ պետք է մտածի իրենց շենքի սեյսմիկ անվտանգության մասին՝ ասում է ճարտարապետն ու շեշտում՝ տանիքներում շատ հաճախ կառուցվող մեկ-երկու հարկանի վերնակառույցները խախտում են սեյսմակայունությունը:
Խոսելով նորակառույցների մասին՝ Գուրգեն Մուշեղյանի գնահատականով՝ մերօրյա նորակառույցները համեմատած խորհրդային տարիների ավելի որակով են: Այն ժամանակ ընդունված էր շինարարությունը կատարել 7 բալանոց գոտու համար. շինանյութը սահմանափակ էր տրվում, քանի որ դրա հայթայթումն էլ էր դժվար: Այժմ նման խնդիր չկա: Շուկան հագեցած է տարաբնույթ շինանյութերով, ուղղակի պետք է պահպանել շինարարական նորմերը:
Երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով բնակարանով ապահովելու բազում ծրագրեր են կյանքի կոչվում: Նորակառույցներում բնակարան ձեռք բերած շատ ընտանքիներից ենք լսում այս կամ այն շինարարական թերությունների մասին, սակայն միևնույնն է՝ այսօրվա երիտասարդությունը նախապատվությունը տալիս է «էլիտար» կոչվող շենքերին:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ իր հերթին նկատում է. նորակառույցները գեղեցիկ դիզայներական լուծումներով են կառուցվում, սակայն կառուցապատողները պետք է մտածեն գերբնակեցվածության մասին: Սեյսմիկ շրջաններում խիտ շինարարություն կատարելը վտանգում է ոչ թե կառույցի կոնստրուկցիան, այլ մարդկանց տեղահանումը, դժվարացնում հակահրդեհային էվակուացումը, շտապօգնության մեքենաների տեղաշարժը, սահմանափակվում է մարդկանց շփումը:
Հսկայական շինություններն իրար գլխի շարելը վտանգում է քաղաքը՝ հավելեց բնապահպանն ու նշեց, որ մետրոպոլիտենի կառուցումից հետո Երևանի ընդերքի բիոլոգիական ուսումնասիրություն չի կատարվել։