Հասարակություն

Թրաֆիքինգից խուսափելու համար պետք է տեղեկացված լինել

hasmikdilanyan

Oրերս  Միացյալ   Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016 թվականի զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, 2015-ի ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում առաջին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում: Թրաֆիքինգի դեմ պայքարն արդյունավետ է, սակայն մեր երկրի քաղաքացիներն այդուհանդերձ աշխատանքային կամ սեռական շահագործման են ենթարկվում ՌԴ-ում, ԱՄԷ-ում, Թուրքիայում:  Հիմնականում  Ուկրաինայի ու ՌԴ-ի քաղաքացիներին էլ նույն ճակատագրին արժանանում են մեր երկրում։ Փորձագետները ցավով նկատում են, որ Հայաստանում նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր են արձանագրվում:

 

Եթե  դուք  այլ երկրում    աշխատելու  գայթակղիչ  պայմաններով առաջարկ  եք ստացել՝ մի շտապեք ուրախանալ: Միշտ չէ, որ հրավերն իրականության հետ կապ է ունենում: Մասնագետները հորդորում են առաջարկն այդուհանդերձ ընդունելիս  ուշադիր լինել հատկապես հրավիրող երկրների նկատմամբ: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում  էլ տարածված է թրաֆիքինգը՝ սեռական շահագործում, հարկադիր աշխատանք,  ստրկություն, մուրացկանություն՝ երեխաների շրջանում ու ոչ միայն, ամբողջ աշխարհում տարեցտարի թրաֆիքինգի դեպքերն ավելանում են:   Հայաստանի համար ռիկսային երկրներ են ՌԴ, ԱՄԷ, և Թուրքիան: Հենց այս երկրներում են առավել հաճախ մեր քաղաքացիները հայտնվում զոհի կարգավիճակում: 21-րդ դարում  քչերը կհավատան «ստրկության» իրողությանը,  սակայն, դրա մասին  մասնագետներն ու  փաստերն են խոսում:

Սեռական շահագործման ենթարկվելու վտանգը մեծանում է, երբ  գայթակղիչ առաջարկների ճանապարհները  հարևան  Թուրքիա կամ ավելի հեռու՝ ԱՄԷ  են տանում:  Փորձագետներն ընդհանրապես փաստում են՝ ամեն ինչ ավելի բարդանում է Թուրքիայի դեպքում: Մենք այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք; Հայաստանն իր   քաղաքացիներին օգնելու համար կամ Ինտերպոլի օգնությանն են դիմում, կամ՝  համապատասխան հասարակական կազմակերպությունների  ու Թուրքիայում գործող հայկական կառույցների միջոցով են օգնության հասնում ։

Ոչ հաճախ, սակայն մեծ է քաղաքացու  երկրորդ անգամ  թրաֆիքինգի զոհ դառնալու հավանականությունը : Վիկտորյա Ավակովան  թրաֆիքինգի հարցերով փորձագետ է, աշխատում  է  նաև զոհերի հետ: Դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչպես կարող է նույն անձը  երկրորդ անգամ էլ թրաֆիքինգի զոհ դառնալ։ Այստեղ հոգեբանական վիճակը լուրջ դերակատարություն կարող է ունենալ՝ ասում է։ «Իհարկե այն մարդիկ ,որոնք շատ խոցելի են, որոնք շրջապատի կողմից ընդունված չեն, անընդհատ վախենում են,անհանգիստ են, ավելի շատ են հակված թրաֆիքինգի զոհ դառնալուն»։

ԱՄԿ 2009թ ուսումնասիրության  արդյունքում  աշխարհում հարկադիր աշխատանքի 80 տոկոսը մասնավոր հատվածում է գրանցվում:  Հստակ վիճակագրություն, թե որ երկրներում  են մեր քաղաքացիները ավելի շատ հարկադիր աշխատանքի ենթարկվում, չկա, սակայն  անկախ փորձագետ Նվեր Սարգսյանը վերլուծելով ներկա իրավիճակը, թե  Հայաստանից հիմնականում  որ երկիր են մեկնում արտագնա աշխատանքի, եզրակացնում է. «Հիմնական աշխատանքային միգրացիան բնականաբար ՌԴ-ում է։ Այդ մարդիկ ՌԴ քաղաքացիներ չեն, ՀՀ քաղաքացիներ են: Ենթադրաբար աշխատում են  առանց աշխատանքային պայմանագրի: Սա էլ իր հետ բոլոր ռիսկերն է բերում: Եթե մարդը աշխատանքային պայմանագիր չունի, իր իրավունքները չի կարող նաև դատարանում պաշտպանել»։ Սոցիալական ծանր պայմաններն են հիմնականում  մարդկանց մղում     երկրորդ  անգամ հարկադիր աշխատանքի՝ ասում է զրուցակիցս:

Ներքին թրաֆիքինգի, անչափահասներին  մուրացկանության դրդելու դեպքեր նույնպես  մեր երկրում  գրանցվում են: Վիճակագրության համաձայն, 2015թ. թրաֆիքինգի  14 քրեական գործ է հարուցվել,  վարույթում  գտնվում է 21 է, որից  7-ը փոխանցվել են դեռ  2014թ.-ից:   Երևույթը, ցավոք, կա, հուսադրող փաստ՝ նույնպես:  Թրաֆիքինգի դեմ  պայքարը մեր երկրում արդյունավետ է։ Ապացույցը՝ օրերս  Միացյալ Նահանգների պետքարտուղարության հրապարակած աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016 թվականի զեկույցի է։ Այստեղ նշված է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, 2015-ի ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ:  Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում առաջին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում:

Թրաֆիքինգի դեմ ապյքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում այս հաջողությունն այսպես է մեկնաբանում ՝   աշխատանքային խումբը  լավ  է  աշխատում: Բացի այդ,  հատկապես կարևոր է  փոխվարչապետի գլխավորությամբ աշխատող  Թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի դերը:  Վահրամ Կաժոյանն ընդգծում է՝  բարձր է նաև իրազեկվածության  աստիճանը Հայաստանի   քաղաքացիների շրջանում: Եվ որպեսզի  ոչ միայն  թրաֆիքինգի դեմ պայքարն արդյունավետ  լինի, այլ նաև  դեպքերը բացառվեն, մասնագետները մեր քաղաքացիներին հորդորում են  չկորցնել զգոնությունն ու   կասկածելի առաջարկների գայթակղությանը չտրվել:

 

Back to top button