Հասարակություն

Հին տոների նոր ավանդույթները. կրկին կանցկացվի «Վարդավառ» փառատոնը

aidaavetisyan

Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է, որը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Վարդավառը նաև բերքահավաքին առնչվող առաջին տոներից էր, որի ծիսակարգում այգիներն աղետներից պաշտպանելու հազար ու մի նվիրատվություններ ու աղերսներ էին մատուցվում ու հղվում բերք ու բարին ապահովող աստվածություններին: Իհարկե, ժամանակներն իրենց փոփոխություններն են պարտադրել այս յուրօրինակ տոնախմբությանը։

 

Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև,  ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա,  Հայաստանյայց եկեղեցում  այն կոչվում է  նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ՝ Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով:  «Մեր եկեղեցու հայրերը Հիսուսին նմանեցնում են վարդի, որը փշերի մեջ էր: Վարդերը փշերի մեջ են աճում: Վարդը Հիսուսն էր, փշերը հրեա ժողովուրդը , որ Հիսուսին մատնեց, չարչարեց, տանջեց, խաչեց և մահվան դատապարտեց»։

Տեր Պետրոս քահանա Մալյանի խոսքով՝ Վարդավառը ոչ միայն հոգևոր, այլև ժողովրդական սովորություններով հարուստ տոն է: Օրինակ՝ տոնի ընթացքում պատրաստվում է խաչքուր ու խնդում:

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններն արդեն երկրորդ տարին կազմակերպում են տոնին նվիրված միջոցառումներ:  Այսօր նշվելու է   Վարդավառի նախատոնակը: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց  ազգային երգի ու պարի  ուղեկցությամբ   ավանակի վրա նստած խորհրդանշական տատին  շարժվելու է  դեպի մանկական այգի:  Արդեն վաղը հավատացյալները, ըստ տաղավար տոնի կանոնակարգի, կգնան եկեղեցիներ, իսկ երեխաների համար ամենազվարճալի տոնը կսկվի ամենատարբեր ու տարողունակ դույլերով ջրոցու զվարճալի, երբեմն էլ վտանգավոր խաղ-զվարճությունը:

Ջուր ցողելու արարողությունը դարձել է ամենամյա ազգային ավանդական տոնախմբություն, ամառվա տապին միմյանց զովացնելու հանպատրաստի զվարճանք: «Այն մարդուն, որին դու սիրով ես ջրում, սեր կա դրա մեջ, չկա գռեհկություն և վայրենություն, այդ մարդն իրեն զգում է  շոյված  և համարում է օրհնություն: Ես կուզենայի, որ մեր ժողովուրդն այդպես դիմավորեր և այդպես մեկը մյուսին կարողանար ջրել»։

2014 թվականից Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ Գեղարդում և Գառնիում կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը: Եվրամիության տարբեր կառույցների կողմից ֆինանսավորվող միջոցառումը  ամենամյա է  և այս տարի կրում է «Ազգային ավանդական խաղեր» խորագիրը: Գառնիում տեղադրված տաղավարներում կներկայացվեն, թե ինչպես են Հայոց աշխարհի տարբեր  նահանգներում եւ բնակավայրերում տոնել  Վարդավառը։

«Այդ ավանդույթները հասել են նաև մեզ: Եվ մենք ուզում ենք  այդ խճանկարը  հավաքել Գառնիում:  Յուրաքանչյուր մարզ կունենա  իր տաղավարը, որտեղ  կներկայացվեն իրենց մարզում Վարդավառ նշելու առանձնահատլությունները: Դրանք կարող են լինել  ուտեստները, խաղերը, նախապատրաստական աշխատանքները»,- ասում է փառատոնի հիմնադիր Ատոմ Մխիրթարյանը։

Միջոցառմանը կհաջորդի պատարագը, այնուհետև երիտասարդների օրհնության արարողությունը: Գառնիում տեղի կունենա նաև  երիտասարդական ֆլեշ-մոբ՝ նվիրված  Վարդավառի  տոնին, իսկ դրան կհաջորդի բեմականացված ներկայացում:

Back to top button