Միջազգային

ԼՂ հակամարտության կողմերն ու միջնորդները պետք է հանգեն որոշակի արդյունքների՝ Բաքվում հայտարարել է Շտայնմայերը

marlenahovsepyan

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բանակցություններից հետո կայացել է երկու դիվանագետների համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Շտայնմայերն ասել է, որ ԵԱՀԿ-ն կձեռնարկի բոլոր քայլերը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:

«Ղարաբաղյան հակամարտության կողմերն ու միջնորդները պետք է հանգեն որոշակի արդյունքների՝ կանխարգելելու իրավիճակի սրացումը:Մեզ դրա համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը՝ հավելելով՝ ստատուս-քվոն չի կարող շարունակվել: «Ես ուրախ եմ, որ երկու երկրների նախագահները հանդիպումներ են անցկացնում: Կարճ ժամանակահատվածում հաջողվել է կազմակերպել նախագահների երկու հանդիպում։ Հուսով եմ՝ դրանք կշարունակվեն: ԵԱՀԿ-ն պատրաստ է ներդրնել իր ջանքերը»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ ամենայն հավանականությամբ երկու երկների նախագահների հաջորդ հանդիպումը կկայանա Փարիզում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է նախագահների նման հանդիպում անցկացնել»,- հայտարարել է Մամեդյարովը՝ չհստակեցնելով հնարավոր հանդիպման ժամկետները։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ առաջիկայում կայանալու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեկ Լավրովի այցը Բաքու:

Back to top button