Հասարակություն

Վաղվանից եղանակը կնվազի

aidaavetisyan

Վերջին օրերի տաք ու առանց տեղումների  եղանակը վաղվանից կփոխվի: Նոր ցիկլոնը, որը հանրապետության տարածք է  ներթափանցելու վաղվանից, կտևի մինչև հուլիսի 8-ը: Օրվա առաջին կեսին կդիտվի  ամպամած եղանակ, սակայն  երեկոյան ժամերին կնկատվեն   ամպրոպային բնույթի անձրևներ,  հանրապետության առանձին հատվածներում՝ կարկուտ: Անձրևներին զուգահեռ օր օրի կնվազի  նաև օդի ջերմաստիճանը: Ինչպես ցույց տվեցին Արթիկի իրադարձությունները՝ առատ տեղումները վնասում են  նաև բնակավայրերին, շենք- շինություններին։ Նման իրավիճակներից խուսափելու համար բնապահպան Կարինե Դանիելյանն ու  ճարտարապետ  Գուրգեն Մուշեղյանը մատնանշում են  ելքերը:  

 

Այս տարի հունիս ամիսը անոմալ երևույթներով  առատ էր: Ապրիլ- մայիս ամիսներին  բնորոշ անկայուն եղանակն այս տարի գրանցվեց հունիսին:  Ամսվա ընթացքում գրեթե բոլոր օրերին հանրապետության տարածքում  դիտվել են առատ տեղումներ: Տաշիրում, օրինակ,  հունիսին տեղացել է այնքան անձրև, որքան մայրաքաղաքում կլիներ  9 ամիսների ընթացքում: Իսկ հանրապետության  առանձին հատվածներում  անձրևներին ուղեկցել են  կարկտահարությունները: Հուլիսին  կանխատեսումների համաձայն՝  Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում տեղումների քանակը կլինի նորմայից բարձր, Արարատյան դաշտավայրում,  Արմավիրի և Վայոց ձորի մարզերում՝ նորմայի սահմաններում, Սյունքիում՝ նորմայից պակաս:

Մայրաքաղաքում էլ տեղումների քանակը հուլիսին կդիտվի  նորմայի սահմաններում: «Ամսվա առաջին օրերին  հնարավոր է ջերմաստիճանի անկում  մինչև  +12 +14 աստիճան, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում առանձին օրեր ջերմաստիճանը կբարձրանա  մինչև  +37+ 39 աստիճան»,- ասում է ԱԻՆ  «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ըստ նրա, այսօր մայրաքաղաքում առանց տեղումների եղանակը կպահպանվի և օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի մինչև 38 աստիճան:  Սակայն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի տեղումներ կլինեն, իսկ մյուս մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:  Վաղվանից, սակայն, հանրապետության տարածք է  թափանցելու  Սև ծովից եկող  ցիկլոն և մինչև հուլիսի 8-ը հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Օրվա առաջին կեսին կդիտվի  ամպամած եղանակ, սակայն  երեկոյան ժամերին մարզերում  կնկատվեն   ամպրոպային բնույթի անձրևներ,  առանձին հատվածներում՝ կարկուտ:

Ցիկլոնը կբերի նաև սառը օդային հոսանքներ: Հուլիսի 1-ից  մինչև 5-ը օդի ջերմաստիճանը օր օրի կնվազի:  5-ից հետո ջերմաստիճանը կմնա նույնը և շոգերը աստիճանաբար կմեղմվեն՝ ասում է օդերևութաբանը: Այս տարի նկատվող տեղումնառատ եղանակն իր հերթին  դառնում է  տարբեր արհավիրքների պատճառ,  ինչպես որ վերջերս եղավ Արթիկ քաղաքում: Սակայն,  ըստ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի,  պետք է  միշտ մտածել, որ  արհավիրքներից խուսափել հնարավոր չէ և  նախօրոք պետք է պատրաստվել դրանց:

Արթիկի պարագայում էլ,  ճարտարապետի խոսքով, եթե փակված չլիներ սարերից իջնող  ջրերի ճանապարհը, ապա այդչափ  քարակույտեր չէին լցվի քաղաք: Մի բան խախտվել է՝ ասում է  Երևանի գլխավոր  հատակագծի հեղինակային խմբի ղեկավար Գուրգեն Մուշեղյանը:  Նման պատկեր է ստեղծվում, քանի որ  սելավատարերը  մեր ազգաբնակչության համար շատ հաճախ ծառայում են որպես աղբանոցներ:

Նման մի իրավիճակ էլ կարող է ստեղծվել  Ավան- Առինջում, որտեղ շինարարական աղբով լցված  լճի բարձրությունն ավելին է, քան հետնամասում կառուցված տները և անձրևային հոսքերի դեպքում  աղբի շերտը չի թողնի, որ այդ ջրերը հեռանան և  տները կհանյտնվեն  ջրերի տակ: «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն էլ  իր հերթին նշում է, որ 1946 թվականի ջրհեղեղից հետո կառուցված քաղաքը պաշտպանող  տեխնիկական հարմարությունները շարքից դուրս են  եկել և այսօր քաղաքը սելավների առաջ անպաշտպան է:

Հարցի ուսումնասիրությունը, ըստ Կարինե Դանիելյանի, մեծ գումարների  հետ կապված չէ և երկրագնդի վրա տեղի ունեցող եղանակային վայրիվերումներից ելնելով, պետք է  հարցին տալ շուտափույթ լուծում:

Back to top button