ԿարևորՔաղաքական

Կարեն Միրզոյան. Որքան կայուն լինի շփման գծում իրավիճակը, այնքան շատ հնարավորություն կստեղծի կառուցողական երկխոսության համար

karenghazaryan

Երեւանում այսօր կայացած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հանդիպումից հետո Արցախի արտգործնախարարը ճեպազրույցում որոշ պարզաբանումներ է տվել։ Բոլոր հարցերը ուշադրության կենտրոնում են եւ անհրաժեշտության դեպքում բոլոր հարցերը բարձրացվում են՝ նշել է Կարեն Միրզոյանը: 

300616 OSCEFrank-Walter Steinmeier-2 -InfoԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ ներկայիս ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպման ժամանակ քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը կարևորել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա:

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի գնահատմամբ՝ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում: Տեղի է ունեցել մտքերի փոխանակութուն մի շարք հարցերի շուրջ, որոնք նվիրված են եղել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներին: «Գիտեք, արդեն բավականին երկար ժամանակ է քննարկվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերսկսել՝ ճանապարհ կհարթեն բանակցային գործընթացի վերսկսման համար: Դրանք, մասնավորապես, հետաքննության մեխանիզմների մշակման եւ կիրարկման խնդիրներն են, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի ներկայացուցչի գրասենյակի ընդարձակման խնդիրները: Դրանց վերաբերյալ մենք հայտնել ենք մեր տեսակետները: Մասնավորապես նշվել է, որ այդ առաջարկները համահունչ են այն առաջարկներին, որոնցով արցախյան կողմը վաղուց է հանդես գալիս, մասնավորապես՝ 2000 թվականների սկզբից: Արցախյան կողմը հանդես է եկել ոչ միայն այդ առաջարկներով, այլ նաեւ մի շարք այլ առաջարկներով, որոնք, իրականացման պարագայում, կարծում եմ, ոչ միայն թույլ կտան հաղթահարել հակամարտության կողմերի միջեւ անվստահության մթնոլորտը, այլ նաեւ ճանապարհ կհարթեն բանակցային գործընթացի անխափան ընթացքի համար»։

Երեկվա ասուլիսում Գերմանիայի արտգործնախարարը նշեց, որ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս մասին ԼՂՀ-ն: Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ենք հասկանում «ստատուս-քվո» ասվածի տակ, ապա հավելեց. «Իհարկե, Արցախի ներկայիս կարգավիճակը, որը չի ապահովում նրա ժողովրդի բոլոր իրավունքները, չի ապահովում բոլոր հնարավորությունները՝ Արցախում անկախ պետականաշինության գործընթացների անխափան շարունակման համար, անընդունելի է: Եվ պետք է բոլոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի Արցախի ժողովրդի ձեռքբերումները՝ այն նվաճումները, որը մենք ունենք այս տարիների ընթացքում, ստանան նաեւ իրենց օրինական ձեւակերպումը, իրենց օրինական հաստատումը»։

Պարզ դարձավ նաեւ, որ Շտայնամերի հետ հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի փոխանցմամբ՝ դա այն կետն է, որի մասին արցախյան կողմը միշտ խոսում է. «Դա մեր պաշտոնական դիրքորոշումն է եւ դա ոչ միայն արցախյան կողմի պահանջն է, այլ, ես կարծում եմ, նաեւ օբյեկտիվ իրականություն է, որ այսօր առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերին արցախյան կողմի լիարժեք մասնակցության, անհնարին է ուղղակի ապահովել որեւէ լուրջ առաջխաղացում բանակցային գործընթացում: Այդ տեսակետը նորություն չէ ԵԱՀԿ շրջանակների համար: Մեկ անգամ եւս ներկայացվեց եւ դա նկատի առնվեց»։

Խոսվել է նաեւ այն անհրաժեշտության մասին, որ անկախ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից, անկախ նրանից, թե ինչպիսի ստատուս-քվո կլինի, այն կպահպանվի, թե ոչ, գոյություն ունի արցախի ժողովրդի հումանիտար կարիքներ, որոնք պետք է բավարարվեն, եւ ԵԱՀԿ-ն որպես լրջագույն միջազգային կառույց, որն իր գործառույթներում ունի նաեւ հումանիտար խնդիրները, պետք է նաեւ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ «Խոսքը, մասնավորապես, նրա մասին է, որ շրջափակման պատճառով ոտնահարվում են արցախի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները, այն է՝ ուսման, ազատ փոխադրման իրավունքը, մի շարք այլ ուղղություններ: Այդ առումով, ես կարծում եմ, ԵԱՀԿ-ն նույնպես կարող է մեծ դերակատարություն ունենալ»։

Անդրադառնալով հարցին, որ խոսվում է «Լավրովի պլանի» մասին, ինչը ենթադրում է 5 շրջանի հանձնում՝ ավելի ամուր կարգավիճակի դիմաց՝ ԼՂՀ արտգործնախարարը շեշտեց, որ դա ընդամենը խոսակցություն է: Կարեն Միրզոյանը նաեւ անդրադարձավ խոսակցություններին, որոնց համաձայն Շտայնմայերը պետք է այցելեր նաեւ ԼՂՀ: Ասաց, որ պաշտոնական աղբյուրներից նման տեղեկատվություն չի տարածվել, ուստի այդ ապատեղեկատվությունը պետք է թողնել այն տարածողների խղճին:

Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակի մասին հարցին՝ Կարեն Միրզոյանը նշեց՝ որքան կայուն լինի շփման գծում իրավիճակը, դա ավելի շատ հնարավորություն կստեղծի դիվանագետների, բանակցող կողմերի համար՝ ծավալելու կառուցողական երկխոսություն: ԼՂՀ արտգործնախարարը նշեց, որ անկախ նրանից, թե որտեղ կլինի հաջորդ հանդիպումը, կարեւոր է, որ հանդիպում լինի եւ հնարավոր լինի ձեռք բերել վերջապես պայմանավորվածություններ այն պայմանների ու ձեւաչափերի մասին, որոնք թույլ կտան վերսկսել բանակցային գործընթաց:

Միանշանակ է, որ հայկական կողմերում եւ միջազգային հանրության շրջանում կա ըմբռնումը, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ միակ հնարավոր տարբերակը խաղաղ բանակցային գործընթացն է: Որքան շուտ այդ գաղափարը հասկանա, ըմբռնի Ադրբեջանը, այնքան շուտ հնարավոր կլինի առաջ տանել գործընթացը՝ եզրափակեց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Back to top button