«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի է ունեցել հիշատակի եւ ոգեկոչման արարողություն՝ Հայրենիքի համար նահատակվածների և անհետ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ: Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ: Տեղի ունեցած ոգեկոչման արարողությունից հետո պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ հակաօդային պաշտպանության վերաբերյալ ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ համաձայնագրին:
Պաշտպանության նախարարը ռուսական կողմի հետ կապված վստահության խնդիր չի տեսնում: ՌԴ հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները՝ տարածաշրջանային համատեղ խմբավորումների ձևավորման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են պատշաճ մակարդակով՝ շեշտեց նախարարը: «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրում: Ինչ վերաբերում է միջպետական վարկին, ապա այն իրականացվում է նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շրջանակներում, և հնարավորություն է տալիս, որ Հայաստանն առաջին հերթին ժամանակակից սպառազինություն ձեռք բերի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքին գներով և կապ ունենա տարբեր կազմակերպությունների հետ»:
Հակաօդային պաշտպանության նոր համակարգին անդրադառնալով էլ՝ նախարարն ասաց, որ այն թույլ է տալիս, որ կովկասյան տարածաշրջանում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառենք ՌԴ 102-րդ բազայի չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի բոլոր հնարավորությունները: «Դրանք հնարավորություն կտան, որ լուրջ հետախուզական տվյալները ընդհանուր տեղեկատվական դաշտում լինեն և կանխարգելեն բոլոր խախտումները, որ կիրականացվեն, ասենք, մեր հակառակորդների կողմից: Այս առումով առավել քան վստահելի գործընկեր, քան Ռուսաստանի Դաշնությունն է, այս պահին իր իրականացրած աշխատանքներով, մենք բոլորս չենք տեսնում, և մենք պետք է դրա մեջ վստահություն տեսնենք»:
Հակադարձելով հարցին, որ ՀՕՊ նոր ձեւավորվող համակարգում Հայաստանը հնարավորություն կունենա օգտագործելու այդ հնարավորությունները՝ նախարարը շեշտեց. «Եվ խաղաղ պայմաններում, եւ նաեւ պատերազմական ժամանակահատվածում ՀՀ-ում գոյություն ունեցող ՀՕՊ-ի, ավիացիայի ուժերն ու միջոցները պլանավորվել, պլանավորվելու եւ կիրառվելու են ՀՀ ԶՈՒ ղեկավարության եւ հատկապես ՀՕՊ-ի եւ նաեւ ավիացիայի ղեկավարության կողմից: Վստահ եղեք դրանում»,- ասաց։
Արձագանքելով դիտարկմանը, որ ՆԱՏՕ- ի հետ հարաբերությունները կվատանան՝ նախարարը շեշտեց, որ բազմակողմ հարթության վրա ենք մեր համագործակցությունն իրականացնում:
Սեյրան Օհանյանը խոսեց նաեւ ԶՈւ- ում կոռուպցիայի դեմ խնդրի, կադրային քաղաքականության եւ պաշտոնանկությունների մասին՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը միշտ պետք է շարունակական լինի: Գործում են բոլոր համապատասխան վերահսկող կառույցները, իսկ բացահայտումների դեպքում էլ լինում են համարժեք պաշտոնանկություններ ու պատիժներ: Ի պատասխան հարցերից մեկի էլ՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ բանակի եւ ռազմաքաղաքական ղեկավարության համար անընդունելի է, պետության, բանակի, անվտանգային համակարգի առկայության պարագայում, կամավորական ջոկատների կողմից խնդիրներ կատարելու որոշումներ ընդունելը: Անհրաժեշտության դեպքում՝ ըստ տարիքային ցենզի համապատասխան հավաքագրումներ կկատարվեն հայրենիքի պաշտպանության համար՝ ասաց պաշտպանության նախարարը:
«Ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն: Այսօր ԶՈՒ ղեկավարությունը եւ Արցախի բանակի ղեկավարությունը իրենց առջեւ դրված խնդիրները պատշաճ կերպով իրականացնում են: Այնպես որ, պետք չէ, որ կողքից փորձեն խանգարել»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի: Նրա խոսքով՝ պետք չեն կլոր սեղաններ, հանդիպումներ, որոնց ընթացքում որոշ առումով գաղտնիքներ են բացահայտվում, իսկ ռազմական գաղտնիքի բացահայտումը հակառակորդի ջրաղացին ջուր լցնել է նշանակում: Բանակի ղեկավարությունը գիտի ինչ անել եւ ինչպես, իհարկե, լուրջ հետեւություններ անելով եւ քառօրյա պատերազմից դասեր քաղելով՝ եզրափակեց պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ անհայտ կորածների, գերիների, պատանդների հանրապետական հանձնաժողովն իր գործունեությունը ծավալում է բնականուն հունով եւ յուրաքանչյուր տարի հունիսի 29-ին ամփոփում կատարած աշխատանքները: Հանձնաժողովը հնարավորություն ունի աշխատելու միայն միջազգային կառույցների հետ, քանի որ Ադրբեջանն իր կողմից անհայտ կորածների խնդրով շահագրգռություն չունի՝ դա է այդ երկրի անմարդկային քաղաքականությունը՝ ասում է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ղեկավար Ռիմա Առաքելյանը՝ անհետ կորած Շահեն Առաքելյանի մայրը։
Միջազգային կարմիր խաչը պարբերաբար ԴՆԹ նմուշներ է վերցնում, սակայն, արդյունքների մասին դեռ հստակեցումներ չկան: Հարազատները հույսը չեն կորցնում:
Հայաստանի պաշտպանության նախարարը շեշտեց, որ առաջին հերթին փորձ է արվում ուշադիր լինել անհայտ կորածների ընտանիքների նկատմամբ: