Հասարակություն

Քաղնախաձեռնությունը փորձելու է կարգալույծ անել տալ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին

sonahakobyan

Կ.Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցը «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնության միայն առաջին հաղթանակն էր: Գլխավոր նպատակն այս հոգևորականին կարգալույծ անելն է՝ այսօր հայտարարել են նախաձեռնության անդամները։ Նրանք արդեն նամակներով  դիմել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին՝ պահանջելով Աթեշյանի գործունեությունը կախակայելու հարցն անպայման մտցնել  Գերագույն հոգևոր խորհրդի եռօրյա ժողովի օրակարգ: Նախաձեռնության անդամները նշել են, որ կախակայման պատժին պետք է հաջորդի նրան կարգալույծ անելու հարցը:

Դեռևս անցյալ տարվա ապրիլին  Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ  Հայաստանյայց առաքելական եկեղեցին 400 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ սրբադասման կարգ կատարեց՝ սրբադասելով հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերին: Այդ օրերին աշխարհի բոլոր կողմերից հայոց ոստան էին եկել ոչ միայն հայկական, այլև քրիստոնեական տարբեր դավանանքների՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կողմից քույր համարվող եկեղեցիների ներկայացուցիչները: Բացակայում էր միայն Կ.Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ում հատուկ հրամանով Թուրքիայի տարածքում և ոչ մի հայկական եկեղեցու զանգեր չղողանջեցին՝ ասում են «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնության անդամները։

Չբավարարվելով իր այս ապազգային կեցվածքով՝ այս տարվա հունիսի 2-ին էլ Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության առթիվ ընդունած բանաձևից հետո պատրիարքական փոխանորդը նամակ հղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանին՝ կիսելով Գեմանիայի դիրքորոշումից սրտնեղած  թուրքական պետության ծանր վիշտը: Սրանով Աթեշյանը վերջնականապես ուրացավ մեր սուրբ նահատակներին և դավաճանեց թե հայ ազգին, թե եկեղեցական սկզբունքներին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնության անդամ Գոհար Արշակյանը:

Աթեշյանի պահվածքն այլևս անհանդուրժելի է և արժանի է խստագույն պատժի՝ իր հերթին նկատեց նախաձեռնության անդամ Սոսե Ղլեջյանը:

 

Back to top button