ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳՆ. ԼՂ թեման լռություն է պահանջում

ԼՂ հակամարտության կարգավորման թեման լռություն է պահանջում՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այսօրվա ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին վերաբերյալ հարցին։

«Կան թեմաներ, որոնք լռություն են պահանջում, որովհետեւ այստեղ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները։  Կարևոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հանրային հռետորաբանության մեջ, այն պետք է պահպանել կոնկրետ քայլերի ընթացքում իրագործելու համար։ Կարևոր է այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը փոխադրվի իրական հարթություն»,- նշել է դիվանագետը:

Զախարովան նաեւ հիշեցրել է, որ վաղը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Փարիզում հանդիպելու է ֆրանսիացի պաշտոնակցի հետ՝ քննարկելու Ուկրաինայում, Սիրիայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը: Փարիզյան հանդիպմանն ըստ Զախարովայի քննարկվելու է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել Ռուսաստանին և Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ հաշվի առնելով Վիենայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունները», ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Back to top button