Հասարակություն

Բարձր ջերմաստիճանը հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծում

aidaavetisyan

Որքա՞ն ժամանակ կձգվի վերջին օրերի բարձր ջերմաստիճանը, և այն  ի՞նչ ազդեցություն կունենա  խոտածածկ տարածքների, անտառածածկույթների և հացահատիկային կուլտուրաների  ճակատագրի վրա: Այս տարի դեռևս  անտառային տարածքներում հրդեհի դեպքեր չեն արձանագրվել, սակայն  մայրաքաղաքում խոտածածկույթներում գրանցվել են հրդեհներ: Ըստ օդերևութաբանների՝ առաջիկա օրերին կանխատեսվում է բարձր ջերմաստիճան, սակայն հուլիսի մեկից  այն կնվազի երեք աստիճանով։ Սա  իր հերթին կնվազեցնի  հրդեհների առաջացման վտանգը:

 

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել են  անտառային տարածքների հրդեհները: Իրավիճակին նպաստում են  մի շարք գործոններ՝ օրինակ օդի ջերմաստիճանի բարձրացումը: Երկրագնդի վրա վերջին տարիներին  միջին ջերմաստիճանը  բարձրացել է  2-3 աստիճանով և արդյունքում երկրագնդի վրա տարեկան արձանագրվում են  200 հազար անտառային հրդեհների դեպքեր:

Ըստ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի՝ դեպքերի գերակշիռ մասը մարդածին են և պետք է անտառներում կանխարգելիչ միջոցառումների իրականացնել: Վերջին տարիներին ամենաշատ անտառային հրդեհները  գրանցվել են  Ռուսաստանում, Կալիֆորնիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում: Տարբեր երկրներում հրդեհների դեմ պայքարի ձեւերը տարբեր են:

Եթե զարգացած երկրներում գործի են դրվում հզոր համակարգեր, ապա մեր մոտ մարդն ինքը պետք է պահպանի հրդեհային անվտանգության կանոնները: Ամառային եղանակին  ազգաբնակչությունը սիրում է  իր հանգիստն անցկացնել  բնության գրկում և շատ հաճախ անփութության հետևանքով դառնում է  հրդեհի առաջացման  պատճառ:  Հրդեհի առաջացման պատճառ կարող է դառնալ օրինակ  խնջույքից առաջացած աղբը չհավաքելը, որն էլ շատ դեպքերում մեր ազգաբնակչությունը  չի անում և այն չորանալով դառնում է  հրդեհի բռնկման օբյեկտ։ Թափված ապակյա շշերն էլ արևի ճառագայթների տակ վերածվում են հրկիզվող լինզաների:

Հայաստանում հրդեհների համար վտանգավոր  տարածքներ են Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերը: Սակայն այս մարզերից բացի մյուսներում էլ մշակվում են  հացահատիկային կուլտուրաներ, որտեղ գյուղացին պետք է  ուշադիր լինի   բերքահավաքի ընթացքում:  Շիրակի մարզում  հացահատիկի բերքահավաքը կսկսվի հուլիսի կեսերից: Վերջին օրերի  ջերմաստիճանի բարձրացումը չի վնասել հացահատիկային մշակաբույսերի կուլտուրաները, քանի որ  բարձր ջերմաստիճանին զուգահեռ  եղանակը տեղումնառատ էր։  Շիրակի մարզպետարանի  գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ եղանակի վայրիվերումները   հացահատիկային կուլտուրաներում հրդեհների  առաջացման որևէ վտանգ չեն ներկայացնում:

Անտառային հրդեհների կանխարգելումն ունի նաև առողջապահական նշանակություն:  Անտառային հրդեհները ոչ միայն մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, դրանք նաև  խիստ վտանգավոր են մարդու առողջության համար:  Արտերկրում  իրականացրած  ուսումնասիրությունները ցույց են  տվել, որ   այն վայրերում, որտեղ տեղի են ունենում ինտենսիվ անտառային հրդեհներ, տվյալ տարածքներում մի քանի անգամ ավելանում է  շտապօգնության կանչերի քանակը, մահացությունն ավելանում է 10-13 անգամ:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը նշում է, որ թեեւ այս տարի դեռևս հրդեհների դեպքեր քիչ են արձանագրվել, քանի որ  ապրիլ-մայիս ամիսները տեղումնառատ էին,  սակայն դա չի նշանակում, որ պետք է հանգիստ լինել։ Հուլիս- օգոստոսը ամռան շոգ ամիսներն են և այս ընթացքում հնարավոր է հրդեհներ լինեն:  ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության  օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Երևանում և Արարատյան դաշտավայրում  կբարձրանա մինչև 39 աստիճան: Առաջիկա օրերին դրանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում:

Եթե անտառածածկույթներում հրդեհներ դեռևս չեն գրանցվել, ապա խոտածածկ տարածքներում ավելացել է դրանց  թիվը: Օրեր առաջ Երևանում՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում,  գրանցվել  է հրդեհ, այրվել է 2,5 հազար քմ խոտածածկ տարածք, իսկ մյուս դեպքը գրանցվել է Նորքի հեռուստաաշտարակ մոտակայքում, որտեղ էլ  մոտ  3000 քառակուսի մետր տարածք է  այրվել:

 

Back to top button