Հասարակություն

Ով մեկ անգամ թռչում է, այլևս երբեք դա չի մոռանում, Հայկական ՌՕՈւ- ն 24 տարեկան է

alisagevorgyan

Հունիսի 26-ին նշվեց ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիոն ուժերի ստեղծման 24-րդ տարեդարձը: Հայկական ավիացիայի եւ ՀՕՊ զորքերի համատեղ վարչությունը ստեղծվեց 1992թ. lունվարին՝ նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում: «Պատերազմի ամենածանր տարիներին ստեղծված ռազմական ավիացիան 24 տարիների ընթացքում զարգացման ու կատարելագործման լուրջ ճանապարհ է անցել:

 

«Մեր ընտանիքում միայն շունը չի թռչել»,- ասում է ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության   որոնողափրկարարական և պարշյուտադեսանտային  ծառայության գնդապետ Թևոս Իլիկչյանը: Կինը՝ Քրիստինե Իլիկչյանը ևս ծառայությունում է, կոչումով կապիտան: Սիրո առաջին հույզեր, անգամ առաջին համբույր, Թևոսն ու Քրիստինեն երկնքում են գրանցել: Նրանց որդին, ով այսօր ևս  ոլորտում է,  պարաշյուտային երկու թռիչք է ունեցել դեռ մինչև ծնվելը:  Մասնագիտական ընտրության հարցում Քրիստինեն երբևէ չի զղջացել: «Ով մեկ անգամ թռչում է, այլևս երբեք դա չի մոռանում»,- ասում է։

Սթրեսներով, դժվարություններով,  պատերազմի թոհ ու բոհի մեջ, մարտական գործողություներին զուգահեռ 24 տարի առաջ ստեղծվեց ու ձևավորվեց հայկական ռազմական ավիացիան: «Ունեինք ընդամենը մեկ ուղղաթիռային ջոկատ: Թռիչքներ էին իրականացնում միայն քաղաքացիական օդաչուները, բայց, փառք Աստծո, այսօր կարելի է ասել, որ հայկական ավիացիան կայացել է: Մենք ունենք թվաքանակով գուցե ոչ շատ մեծ, բայց արդյունավետ գործող օդուժ, իսկ 2001-ին ստեղծված Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտն այսօր հայկական ավիացիան ապահովում է որկյալ կադրերով»,- ասում է  Թևոս Իլիկչյանը:

Նա չի կիսում այն տեսակետը, թե ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հայկական ավիացիան դրսևորվելու հնարավորություն չունեցավ: «Տրանսպորտային ուղղաթիռներն այդ օրերին կատարեցին իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Մյուս կողմից՝ լավ է,  որ հերթը գրոհային ավիացիային չհասավ»,- ասում է գնդապետ Իլիկչյանը։

«Պարաշյուտադեսանտային ծառայությունը Հայաստանում հարուստ ավանդույթներ ունի դեռ խորհրդային ժամանակներից: Այսօր էլ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը մեծ է»,- ասում է Թևոս Իլիկչյանն ու հիշեցնում, որ այս մասնագիտության մեջ թիվ մեկ խնդիրը՝ մարդու կյանքը փրկելն է։

Back to top button