Հասարակություն

Ֆրանցիսկոս պապի հմայքի գաղտնիքը պարզ մարդկային քայլերն են. գնահատում են մտավորականները

karenghazaryan

Կաթոլիկ եկեղեցու սրբազան հովվապետ Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցին են անդրադարձել ու գնահատել «Հայելի» ակումբի այսօրվա հյուրերը: Մերուժան Տեր-Գուլանյանը, Նիկոլայ Ծատուրյանը եւ Դավիթ Գյուրջինյանը շեշտել են, որ տպավորված են այցով եւ կարծում են, որ Պապն իր ելույթներում ոչ միայն ուղերձներ հղեց հայ ժողովրդին, այլ նաեւ՝ ամբողջ մարդկությանը: Նրանց գնահատմամբ՝ բարոյական կողմից զատ, այցն ուներ նաեւ կարեւոր քաղաքական նշանակություն: Նիկոլայ Ծատուրյանի դիտարկմամբ, օրինակ, Պապը միավորման, բռունցքվելու հստակ ուղերձ հղեց աշխարհին եւ, ըստ նրա, դա պայմանավորված է ծայրահեղ իսլամիստների ակտիվացումից բխող  մարտահրավերների գիտակցմամբ:

 

Երեւելի երեք պատմական օր Հայաստանում: Մերուժան Տեր-Գուլանյանի գնահատմամբ՝ հայոց մշակույթին, հայությանը եւ Հայոց ցեղասպանությանը տրված գնահատականներից զատ Ֆրանցիսկոս պապը Հայաստանում թողեց նաեւ զսպվածության եւ համեստության օրինակ-ուղերձ: «Մեր գետնաքարշ ինքնասիրահարվածությունը, մեր որկրամոլությունը եւ, այսպես ասած, մեծահարուստամոլությունը երկրորդ պլան մղել եւ տեսնել աշխարհը գեղեցիկ: Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանի բնակիչներիս, դա վերաբերում է նաեւ Հայոց եկեղեցուն եւ եկեղեցականներին: Այո, դա բոլորին է վերաբերում»,- ասում է։

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ սրբազան քահանայապետի հմայքի գաղտնիքը պարզ մարդկային քայլերն են՝ զորակցել կարիքավորին, վշտակցել հիվանդին, աջակցել աղքատին, խնդակցել մանկանը եւ ապրումակցել հաշմանդամին: Սրանք մարդկային ուղերձներ են, որ մեր հասարակությունը որսաց՝ ասաց Դավիթ Գյուրջինյանը: «Մենք դրանից զուրկ չենք եղել երբեւէ: Հազարամյակներ շարունակ մեր բարոյական նկարագրի մեջ սրանք եղել են, մեր եկեղեցին դա միշտ քարոզել է, բայց դրա պակասը մենք բոլորս 21-րդ դարում զգում ենք, եւ մեզ այս այցը պետք էր նաեւ այս առումով՝ ավելի բարի դարձնելու մեր իրականությունը, ավելի մարդկային դարձնելու եւ հայացքով շրջվելու դեպի մարդն ու նրա ներսը»։

Հույս ունեմ, որ Պապի թողած լույսի եւ բարության իր բաժինը անհետ չի կորչելու՝ ասաց լեզվաբանը՝ կարծիք հայտնելով նաեւ, որ այն մարդիկ, ովքեր չպիտի փոխվեն, չեն էլ փոխվելու, կփոխվեն նրանք, ովքեր ունակ են զգալու եւ առնելու այդ լույսը:

Նիկոլայ Ծատուրյանի գնահատմամբ նույնպես՝ Հռոմի պապի այցը նաեւ բարոյականության դաս է մեր ազգի համար: «Եթե մենք հասկանանք ու ընկալենք այս բարոյական կողմը, ինչ-որ մի բան կփոխվի: Եթե ոչ՝ նորից կլինի «բենթլիասիրությունը», Աստծուն աղոթելով՝ փող աշխատելն ընդամենը: Եվ ինչպես Քըրք Քըրքորյանն էր ասել՝ կան հարուստներ եւ շատ փող ունեցող աղքատներ»:

Կտա՞ն այստեղ ծիլեր այդ բարի հունդերը, որ իր այցով ցանեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեր մտքերում, եւ կլինի՞ օրինակելի այն պարզ, մարդկային գործելակերպը, որը նաեւ ի ցույց դրեց նա՝ Դավիթ Գյուրջինյանը հույս ունի:

 

 

 

Back to top button