Հասարակություն

Ի՞նչ են ակնկալում ժողովուրդը, հասարակական եւ քաղաքական գործիչները Հռոմի պապի այցից

arminegevorgyan

10- ամյա Խաչիկ Ոսկանյանը  ծնողների հետ վաղ առավոտյան շտապել էր  Հայոց հոգևոր մայրաքաղաք՝ Հռոմի պապին տեսնելու մեծ ցանկությամբ:  Այսօր իմ բոլոր զրուցակիցների ՝թե քաղաքական գործիչները, թե մտավորակաները, թե պարզապես հասարակ քաղաքացիները  մեծից  փոքր  նույն   համոզմունքն ունեին՝  Հռոմի պապի աղոթքները  հասնելու  են Բարձրյալին, ու մեր տարածաշրջանում տիրելու  է միայն  խաղաղություն:

Իսկ ահա  ԼՂՀ  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ ամբողջ հայ ժողովրդին ուղղված  խաղաղության ուղերձն ամենարդիականն  է:   Հայ ժողովուրդը միշտ  խաղաղություն է ցանկացել: Մենք չենք ուզում  պատերազմ. իսկ  այն ինչ եղավ  ապրիլ  ամսին, ապա  դա 90 -ականների շարունակություն էր՝ Աշոտ Ղուլյանի խաղաղության  միտքն է  շարունակում ՀՀ  նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը։ Նա շեշտում է՝ Հռոմի  պապի այս ուղերձներն ուղղված են  նաև Թուրքիայի ժողովրդին, որ իրենց հոգիներում էլ հաստատվի խաղաղություն:

Աշխարհի կաթոլիկների  հոգևոր  առաջնորդի այցը  քրիստոնյա   հանրությանը տվեց խաղաղության ու սիրո գիտակցում՝ «Ռադիոլուրին» ասում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա շեշտում է, որ  այստեղից հնչած ուղերձները ևս մեկ անգամ վերահաստատեցին՝   Հայաստանը եղել  է խաղաղության ու  սիրո  երկիր:

Որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, ապա մենք դրա համար պետք է աշխատենք եւ աղոթենք` «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ասում է  Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը։ Գրեթե երեք օր շարունակ այստեղից հնչող խաղաղության աղոթքները կտան իրենց պտուղները։ «Ես հույս ունեմ, որ մեր  հարևանները կլսեն, ու վստահ եմ,  որ աղոթքն  ունի  այդ ուժը։ Վստահ եմ, որ երեկ Սրբազան քահանայապետի  և Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից  առ  Աստված բարձրացված   աղոթքը  կբացի այն դռները ու  խաղաղությունը  կսկսի տիրել մեր տարածաշրջանում»,- ասաց դեսպանը։

Back to top button