ԿարևորՔաղաքական

Հռոմի պապը փորձում է ոչ թե պատերազմել, այլ՝ խաղաղություն կառուցել՝ Վատիկանը հերքում է Անկարայի պնդումը

arminegevorgyan

Հռոմի պապը պատերազմների կողմնակից չէ, նա երբևէ խաչակրաց արշավանքի չի ելել, փորձում է ոչ թե պատերազմել, այլ՝ խաղաղություն կառուցել՝ այսօր սբ. Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցչի մոնսենիոր Ֆեդերիկո Լոմբարդին։

«Եթե ինչ- որ մեկն ուշադիր լսում է Պապի ասածը կամ կարդում գրածը, ապա կտեսնի, որ այնտեղ ոչ մի բան չկա, որը կարող է մեկնաբանվել որպես խաչակրաց արշավանքի մտածելակերպ, մարտնչելու, պատերազմելու ոգի: Ես կարող եմ հորդորել ճիշտ կարդալ, ընկալել Պապի գրածը: Հասկանում եմ, որ լարվածության այլ տեսանկյուններ էլ կան, բայց Պապի իրական մտադրությունը ժողովուրդների միջև խաղաղության երկխոսության հիմքեր գցելն է: Նա աղոթել է հանուն դրա, ցանկություն հայտնել, որ հաշտություն տեղի ունենա, նա որևէ խոսք չի արտասանել թուրք ժողովրդի դեմ, խոսել է հաշտեցման ցանկության մասին՝ նաև թուրքերի ու հայ -ժողովրդի միջև, ուստի, որևէ խաչակրաց արշավանքի պահ այստեղ չկա»,- «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասել է մոնսենիոր Լոմբարդին։

Երեւանում՝ Նախագահական պալատում Հռոմի պապի ելույթից հետո, որտեղ Սրբազան քահանայապետը 20- րդ դարասկզբի հայկական կոտորածները կրկին որակել էր «ցեղասպանություն» , Թուրքիայում խստորեն դատապարտել էին։ Այս երկրի փոխվարչապետ Նուրեդդին Չանիքլին հայտարարել էր, որ նման գնահատականները կաթոլիկ եկեղեցու առաջնորդի կողմից վշտացնում են։ «Ցավոք, Հռոմի պապի մտածելակերպով գծվում են Խաչակրաց արշավանքների արձագանքները։ Պապի 1915- ի իրադարձությունների մասին արտահայտությունները հեռու են օբյեկտիվությունից եւ պատմական իրողությունների հետ ոչ մի ընդհանրություն չունեն»,- ասել էր Չանիքլին։

Back to top button