ԿարևորՔաղաքական

Պապի ելույթի նախնական տարբերակում «ցեղասպանություն»- ը չի եղել. նա ասում է այն, ինչ հարմար է գտնում՝ ասում է Վատիկանի ներկայացուցիչը

arminegevorgyan

Նախագահական պալատում հանդիպման ժամանակ Հռոմի պապի նախնական ելույթի տեքստում «ցեղասպանություն» բառը չի եղել՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Սուրբ աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին։ Պապն ասում է այն, ինչ համար է գտնում՝ շեշտել է մոնսենիոր Լոմբարդին՝ շեշտելով՝ոչ ոք չի որոշում, թե ինչ պետք է ասի քահանայապետը։

Իսկ արդեն անդրադառնալով Կաթոլիկ եկեղեցու հովվապետի ելույթում «ցեղասպանություն» բառի ենթատեքստին՝ մոնսենիորն արձանագրեց, որ Պապը ոչ միայն արտասանել է այն, այլեւ շեշտել, որ «այս ողբերգությունը, ցեղասպանությունն առաջինն էր նախորդ դարի աղետալի միջադեպերի շարքում, այն կրոնական, գաղափարախոսական ու ռասսայական էր… Անցյալ դարի սոսկալի ողբերգությունների հետ կապված մեծ տերություններն իրենց պատասխանատվության բաժինը չեն ընդունել»։

Սուրբ աթոռի ներկայացուցիչը չի կարող ասել, թե ինչպիսին կլինի Սրբազան քահայանապետի հայտարարության՝ Թուրքիայի արձագանքը։  «Կարող եմ ասել այն, ինչ ասել է Պապը: Ես կուզեի ընդգծել, որ Պապը միշտ խոսում է խաղաղության, հաշտության, երկխոսության մասին, նա այդ ոգով արտահայտվել է ու արտահայտվելու է: Եթե հիշում ենք անցյալը, դա պետք է անել, որ նոր պատերազմներ չբռնկվեն, հասկանանք, թե ինչ դասեր է պետք քաղել, որ դրանք չկրկնվեն»,- ընդգծեց Ֆեդերիկո Լոմբարդին։

Ինչ վերաբերում է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հայաստանյան այցի առաջին օրվա արդյունքներին՝ մոնսենիոր Լոմբարդին արձանագրեց, որ «Պապը քաջառողջ է և ուրախ՝ Հայաստանում գտնվելու համար»։ Սբ. Էջմիածնի Մայր տաճարում երկու եկեղեցիների առաջնորդների համատեղ աղոթքն ու բարեկամական հանդիպումը որակեց որպես «հզոր հանդիպում»։

Սրբազան քահայանապետին հատկապես զարմացրել է կաթողիկոսի ընծան՝ Հռոմի պապի դիմանկարը 1 մմ չափով։ «Այն տեսնելու համար խոշորացույց է հարկավոր»,- արձանագրեց Սուրբ աթոռի  մամուլի գրասենյակի տնօրենը։

Back to top button