ԿարևորՀասարակություն

Ֆրանսցիկոս պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ

lenabadeyan

Այսօր Հայաստանում մեկնարկեց պատմական նշանակության իրադարձություն՝ սկսվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցը: Նա առաջին անգամ է այցելում Հայաստան: Թե այցի կարգախոսը, թե ընտրված խորհրդանշանը արդեն իրենց մեջ ուղերձներ են պարունակում: Իր ասելիքը հայ ժողովրդին Ֆրանցիսկոս պապն արդեն այսօր հնչեցրեց Սուրբ Էջմիածնում: Այսօր երեկոյան Հռոմի պապը դեռ հանդիպում ունի Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Իսկ բոլոր ցանկացողները կարող են անձամբ մասնակցել վաղը, հունիսի 25-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք էկումենիկ արարողությանն ու խաղաղության աղոթքին: Կիրակի առավոտյան, ժամը 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բաց խորանի մոտ կմատուցվի Սուրբ Պատարագ:

 

Խիստ ճշտապահությամբ, ուղիղի ժամը երեքին, ինչպես նախապես հայտարարված էր,  Հռոմի սրբազան քահանայապետ Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապը ոտքը դրեց Հայաստան: «Այց առաջին քրիստոնեական երկիր»՝ սա է Հռոմի պապի այցի պաշտոնական կարգախոսը: Ըստ ավանդույթի, Պապի այցերի համար սովորաբար կարգախոս է ընտրվում, որն արտացոլում է այդ այցի մեջ դրվող իմաստը: Առաջինը, ինչ լսեց Հռոմի պապը ոտքը դնելով Հայաստան՝ հայկական միջնադարյան շարականներն էին՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաների կատարմամբ: Առաջինը, ինչ նա տեսավ եւ համտեսեց՝ հայկական ծիրանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ-նյութական ժառանգության ցանկերում ընդգրկված հայկական լավաշն էին, որ Քահանայապետին մատուցեցին ազգային տարազով երեխաները:

MHM0105472 copyԽստագույնս պահպանվող արարողակարգը այս դեպքում որոշակի ձևափոխության է ենթարկված: Սրբազան Քահանայապետը Հայաստան է ժամանել և որպես Վատիկան պետության ղեկավար և որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, ուստի նրան ինքնաթիռի մոտ դիմավորեցին հրավիրող երկու կողմն էլ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, և Նորին սուրբ օծություն Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը: Դիմավորման արարողության ժամանակ՝ Վատիկանի եւ Հայաստանի հնչած օրհներգերից հետո կատարվեց Պատվո պահակախմբի ստուգայց:

Հայաստան իր այցելությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախապես որակել էր «ուխտագնացություն», ինչն ընդգծում է նրա վերաբերմունքը Հայաստանի, հայ ժողովրդի, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ: Այցի պաշտոնական խորհրդանշանի մեջ օգտագործված է բիբլիական Արարատը և Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ նշանակություն ունեցող սրբավայրը` Խոր Վիրապի վանքը:

Բարեպաշտ հավատավոր ժողովրդին Ֆրանցիսկոս Առաջինը Հայաստանում ասաց հետեւյալը. MHM0105476 copy«Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել պարագաների կամ առիթների համաձայն: Տերը թող օրհնի ձեզ հավատի այս լուսավոր վկայության համար: Ամենակարողն Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, բարեխօսութեամբ ամենասրբուհի Մարիամի, «սիւն լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ» Գրիգոր Լուսաւորչի եւ Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորդ եւ ամբողջ Հայ Ազգը եւ միշտ պահպանի այն հաւատի մէջ որ ստացել է հայրերից եւ փառաւոր վկայութիւն տուել դարեդար»:

Հռոմի պապը սա ասաց արդեն Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, ուր ուղեւորվեց <Զվարթնոց> օդանավակայանից անմիջապես հետո: Մինչ հովվապետերը հասնեին Հայաստանի հոգեւոր կենտրոն,  այնտեղ արդեն հավաքվել էր հոծ բազմություն՝ ուխտավորներ Հայաստանից և այլ երկրներից: Էջմիածնում տեղի ունեցավ բարիգալստյան արարողություն: Վեհափառ հայրապետը և Սրբազան քահանայապետն օրհնեցին խունկը եւ զանգերի ղողանջի ներքո՝ թափորով մուտք գործեցին Մայր տաճար: Արդեն այնտեղ հովվապետերը բարձրացան Մայր տաճարի ավագ խորան, ուր Սուրբ սեղանի առջև ողջագուրվեցին՝ ի նշան եղբայրական սիրո ի Քրիստոս: Համատեղ աղոթքից հետո Ֆրանցիսկոս պապն ընթերցեց «Ի մէջ տաճարիս» աղոթքը, իսկ «Պահպանեա զմեզ, Քրիստոս Աստված մեր» աղոթքով Հռոմի սրբազան քահանայապետը օրհնեց տաճարում ներկա բարեպաշտ հավատավոր ժողովրդին:

MHM0105473 copyԱմենայն հայոց կաթողիկոսն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Սրբազան քահանայապետին ինչպես հրավերն ընդունելու, այնպես էլ 2015-ին՝ Վատիկանում իր պատարագում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար:

Այցի օրերին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը հյուրընկալվելու է Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից` բնակվելով Մայր աթոռում: Այսօր երեկոյան Ֆրանցիսկոս  պապն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսը Հռոմի երկրորդ պապն է, որ այցելել է Հայաստան: Դեռեւս 2001-ին Հայաստանը հյուրընկալել էր նաև Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին:

 

Back to top button