Վերլուծական

Եզդիները բողոքում են՝ չեն կարողանում վերադառնա հայրենի Շանգալ

hasmikmartirosyan

Հունիսի 15-ին ՄԱԿ-ի Սիրիայի իրադարձությունների հետաքննության հարցերով հանձնաժողովը փաստաթուղթ ընդունեց, համաձայն որի` Սիրիայում ու Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները որակվել է ցեղասպանություն:: Այսօր հայաստանաբնակ եզդիները ներկայացնելով Հյուսիսային Իրաքում, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում գտնվող եզդիների խնդիրը՝ նշել են, որ ՄԱԿ- ի այս փաստաթուղթը փրկօղակ է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց՝ ոչ լուծում: Իսկ լուծման ուղիները եզդիների համախմբումն է և միասնական գործելը, որը դեռ չի ստացվում:

 

Սիրիական հակամարտությունը, «Իսլամական պետության» ձևավորումը տարածաշրջանում նպաստեց մի շարք սառեցված խնդիրների թեժացմանը: Մասնավորապես, Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիների համար խնդիրը դարձավ էթնիկ բնակչության բնաջնջմանը միտված ծրագիր: Իրագործող կողմերը՝ ԻՊ զինյալներից փոխանցվել է փեշմերգային՝ իրաքյան Քուրդիստանի քրդական զինյալ զորամիավորումներին: Ըստ «Եզիդիմեդիա» լրատվական կայքի խմբագիր Սաշիկ Սուլթանյանի՝ այսօր ներքին խմորումներ են սկսվել իրաքյան Քուրդիստանի, Քրդական աշխատավորական կուսակցություն և եզդիական ուժերի՝ Եզդիխանի պաշտպանության բանակի միջև։ Պատճառը՝ Սինջարի նկատմամբ հսկողություն սահմանելն է։

Իրաքի կենտրոնական կառավարությունն աջակցելով եզդիական բանակին այսօր մեկ այլ խնդիր է լուծում՝ ճնշել Հյուսիսային Իրաքում անկախության ձգտող իրաքյան Քուրդիստանի նկրտումները: Ասել է թե տարածաշրջանը երկփեղկվել է, իսկ արդյունքում տուժում են խաղաղ բնակիչները; Շանգալն ազատագրելուց հետո, ըստ որոշ լուրերի, եզդիները ցանկանում են տեղափոխվել իրենց բնօրրանը, սակայն կրկին փեշմերգայի վարած քաղաքականության հետևանքով չեն կարողանում մուտք գործել Շանգալ: ԻՊ զինյալներից ազատագրված տարածքներ մուտքը թույլատրելի է միայն անցակետերով։ Սակայն անցաթուղթ ունենալը դեռ երաշխիք չէ, որ անվտանգ կարելի է մուտք գործել Շանգալ։ Փեշմերգայի մարտիկները կարող են առանց պատճառի:

Ըստ Սաշիկ Սուլթանյանի՝ օրերս մի եզդի փորձել է շինանյութ տեղափոխել ազատագրված տարածքում իր տունը վերակառուցելու համար, մուտքի ժամանակ սպանվել է փեշմերգայի կողմից։ «Եզդիների անվտանգությունը երաշխավորված չէ, հարկավոր է համալիր մոտեցում. նախ աշխարհասփյուռ եզդիների համախմբում ՝ միասնական գաղափարի շուրջ, պառակտման բացառում, այլապես խնդրի լուծումը՝ խոսքից գործի չի վերածվի»,-ասում է «Եզիդիմեդիա» լրատվական կայքի խմբագիրը։

«Եզդիական բանակը կռվում է Սինջար շրջանում, ու քանի որ իրաքյան Քուրդիստանը միջազգային ասպարեզում քաղաքականապես հասել է որոշակի  հեղինակության, փորձում է եզդիական բանակին շրջափակման մեջ վերցնելով՝  եզդիների հարցը մոնոպոլացնել ու  ինքն է միջնորդի դեր ստանձնել՝ ի շահ իրաքյան Քուրդիստանի»։

Այսօր Իրաքում գտնվող 600 հազար եզդի փախստականների վիճակը սոցիալապես և քաղաքականապես ծայրահեղ ծանր է: Ավելին՝ փախչելով սպանդից՝ շատերն այսօր մահանում են փախստականների համար ստեղծված ծայրահեղ ծանր պահամաններից։ «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը, խոսելով 21 դարում տեղի ունեցող մարդու առքուվաճառքի մասին, ասում է, որ եզդի կանանց շուկայական գինը 15- ից 1000 դոլարի սահմաններում է՝ կախված տարիքից, մաշկի, աչքի գույնից, արտաքին տեսքից:

«Իրաքյան Քուրդիստանը արտոնություններ է տալիս եզդիների նկատմամբ բռնություններ իրագործողներին: Այս կոնֆլիկտը բերելու է մի էսկալացիայի, որտեղ բախվելու են եզդիներն ու իրաքյան Քուրդիստանի շահերը, որն էլ կարող է բերել նոր ցեղասպանության, որին պետք է պատրաստ լինի եզդի բնակչությունը ու   հակազդման մեխանիզմներ մշակի»:

Աշխարհը գիտի անօրինական շուկայի մասին, գիտի Հյուսիսային Իրաքի եզդիների վիճակի և փախստականների մասին, բայց դեռ գործնական քայլեր չեն հետևել՝ փաստաթղթային ձևակերպումներից բացի:  Հունիսի 15-ին ՄԱԿ-ի  Սիրիայի իրադարձությունների հետաքննության հարցերով հանձնաժողովը փաստաթուղթ ընդունեց, համաձայն որի՝ Սիրիայում ու Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները որակվում են ցեղասպանություն: Հաջորդիվ Կանադան ընդունեց եզդիների ցեղասպանության փաստը, և իրագործողներին պատժելու կոչ արեց: Ի՞նչ կտա այն, բանախոսները չեն շտապում դրական արտահայտվել, առաջինը կարեւորում են եզդի համայնքի միասնականությունը։

Ըստ 2015- ի նախնական տվյալների, իսլամիստների իրականացրած էթնիկ զտումների,  ջարդերի  ու այլ խնդիրների հետևանքով  զոհվել է մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները: Հունիսի 15-ի հայտարարությամբ՝ հանձնաժողովի անդամները կոչ են արել գերտերություններին փրկել դեռևս ԻՊ-ի հսկողության տակ գտնվող առնվազն 3200 կանանց ու երեխաներին:  Ի դեպ, ՀՀ ԱԺ-ում հունիսի 9- ին շրջանառության մեջ դրված «Հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» որոշման նախագիծը: Ավելի վաղ «Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին մտավախություն էր հայտնել օրինագծի ընդունման ժամկետների վերաբերյալ, նշելով՝ եթե այն չընդունվի աշնանային նստաշրջանի սկզբում, այլ տեղափոխվի 2017 թ-ի գարնանային նստաշրջան, ապա կնշանակի՝ ողբերգությունն օգտագործել նախընտրական նպատակով։

Back to top button