ԿարևորՀասարակություն

Ի՞նչ են ասում Վատիկանի արխիվները ցեղասպանության մասին. պատմում է Միխեիլ Հեզեմանը

karenghazaryan

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր «Վատիկանը եւ Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսությամբ է հանդես եկել գերմանացի պատմաբան Միխեիլ Հեզեմանը: Գերմանացի պատմաբանը 2008 թվականից սկսած ուսումնասիրել է Հռոմի Սուրբ աթոռի գաղտնի արխիվները՝ Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերի մասով: Ուսումնասիրությունների հիման վրա գիտնականը հրապարակել է «Հայոց ցեղասպանությունը» գիրքը: Գրքի մեկ օրինակ գիտնականն այսօր նվիրել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Գերմանացի պատմաբանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշյալ գրքի առաջին հրատարակությունը բավականին մեծ արձագանք է գտել՝ վաճառվել է շուրջ 2 մլն օրինակ:

 

heseman-4Գերմանացի գրող և պատմաբան Միխայիլ Հեզեմանն արդեն 20 տարի ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության հարցն ու 3500 էջ ուսումնասիրություն ունի: Վատիկանի գաղտնի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը գերմանացի պատմաբանը ուսումնասիրում է 2008 թվականից: Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության հարցը դիտարկել է բոլոր կողմերից:

«Ես ուսումնասիրել եմ Վատիկանի գաղտնի արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությանը վերաբերող մոտավորապես 3000 էջ: Պետք է նշեմ, որ բոլոր արխիվները բաց են՝ սկսած Բենեդիկտոս 15-րդի ժամանակաշրջանից մինչեւ 1939 թվականը: Դրանք ուսումնասիրելու համար, պարզապես, պետք է նամակ հղել»:

Գերմանացի պատմաբանի փոխանցմամբ՝ Սուրբ աթոռի արխիվներում ինքը հանդիպել է ականատես հոգեւորականների եւ վանականների վկայությունների, որոնց հաջողվել է խուսափել ցեղասպանությունից, հասնել Կոստանդնուպոլիս ու կատարվածի մասին հաղորդել Հայոց պատրիարքարանի եւ Պապի առաքելական ներկայացուցչին: «Բացի դրանից, կան նաեւ վկայություններ Պապի եւ նրա առաքելական ներկայացուցչի կողմից սպանությունները եւ արտաքսումները կանխելու մասին»։

Պատմաբանի փոխանցմամբ՝ Պապը հարյուրավոր նամակներ է գրել սուլթանին, որոնք առաքելական ներկայացուցիչը փորձել է հասցնել սուլթանին, բայց շաբաթներ շարունակ չի կարողացել հանդիպել Օսմանյան կայսրին։ Գերմանացի պատմաբանի խոսքով՝ միայն ավստրիացի եւ գերմանացի դեսպանների միջնորդությամբ է հնարավոր դարձել Պապի նամակի փոխանցումը, սակայն  դրան սուլթանը չափազանց մեծ ուշացումով է պատասխանել: «Երբ 1915 թվականի նոյեմբերին սուլթանը պատասխանեց Պապի նամակին, կոտորածների ու արտաքսումների մեծ մասն արդեն տեղի էր ունեցել եւ հայերն արդեն քշվել էին Սիրիայի անապատները՝ մեռնելու»:

Գերմանացի պատմաբանի դիտարկմամբ՝ դա նաեւ խաբեության պատմություն է, թե ինչպես են թուրքերը փորձել խաբել Պապին՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այսպիսով, Սուրբ Աթոռի արխիվները շատ հստակորեն վավերագրում են այն, ինչ 2015 թվականին Ֆրանցիսկոս պապն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ շեշտեց Միխեիլ Հեզեմանը:

Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ գերմանացի պատմաբանն ասաց, որ Վատիկանի, Ամերիկայի եւ Գերմանիայի արխիվները բաց են եւ միայն Թուրքիայի արխիվներն են մնում մասամբ փակ: Աշխարհի բոլոր գիտնականները, որոնք ուսումնասիրել են արխիվները, հստակորեն կասեն, որ դա ոչ միայն հայերի ցեղասպանություն էր, բայց եւ՝ Օսմանյան կայսրությունում քրիստոնեական բաղադրիչն արմատախիլ անելու փորձ՝ եզրափակեց Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրած գերմանացի պատմաբան, գրող Միխեիլ Հեզեմանը:

Back to top button