ԸՕ 4+4+4 ձեւաչափով փոխհամաձայնեցված առաջարկները կքննարկվի արտահերթ նստաշրջանում (լրացված)
տեղադրվել է ժամը 11։46- ին
լրացվել է ժամը 14։55- ին
Ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգ, Նույնականացման քարտ չունեցող և Նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակներում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի, սրանք Ընտրական օրենսգրքում առաջարկվող ոչ բոլոր փոփոխություններն են։: Կառավարությունն այսօր հաստատել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին » օրենքի նախագիծը: Բացի այդ, գործադիրը դիմել է ԱԺ-ին՝ հունիսի 27-ին ժամը 12-ին արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկով:
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի հաստատումից հետո փոփոխություններ ու լրացումներ կատարելու ժամանակն է: Կառավարությունն այսօր հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերի փաթեթը: Հիշեցնենք՝ հունիս 16-ին ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնություն կայացավ իշխանության եւ ընդդիմության միջեւ, որի շրջանակներում քաղաքական ուժերը որոշեցին փոփոխություններ և լրացումներ կատարել օրենսգրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները:Բացի կոնսենսուսի արդյունքում ամրագրվող դրույթներից՝ անհրաժեշտություն առաջացավ նաև վերանայել դիտորդների ստուգարքի վերաբերյալ կանոնները, ինչպես նաև բողոքարկման համար սահմանված ժամկետները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում նշեց, որ առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետևյալ դրույթները, «Թեև օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդների համար կազմակերպվող դասընթացի նպատակն ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների ու պարտականությունների իմացության ապահովում է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները` նախագծով առաջարկվում է հանել մասնագիտական դասընթացների մասնակցության և որակավորման վկայական ունենալու վերաբերյալ պարտադիր պահանջները»:
Երկրորդ փոփոխությամբ` էականորեն վերանայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետները։ Սակայն հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը` առաջարկվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների գործողությունների կամ անգործության քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու ժամկետներ սահմանել քվեարկության հաջորդ օրը` ժամը 12-ից մինչև 18-ը կամ քվեարկությունից հետո` երկրորդ օրը ժամը 9-ից 11-ը»,- տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի տեղակալը: Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օրենսգրքի 23-րդ հոդվածի վերնագրում և առաջին մասում «քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող պետական կամ համայնքային ծառայողները» բառերը փոխարինել «հանրային ծառայող» բառերով՝ պայմանավորած մեկ միասնական հասկացություն կիրառելու անհրաժեշտությամբ։
Առաջարկվում է նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և համացանցային հեռարձակում` առցանց ռեժիմում` հատուկ ստեղծված կայքերի միջոցով: Տեսանկարահանումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության կողմից։
Բացի այդ, առաջարկվում է ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգ: Առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակներում չեն ընդգրկվում՝ բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում, քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար տվյալ օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ: «Այն դեպքում, երբ անձը չի եղել ՀՀ տարածքում, սահմանված ժամկետում չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար և չի ստացել նույնականացման քարտ` նա կարող է մասնակցել ընտրություններին` ընտրողների լրացուցիչ ցուցակներով»,- ասում է փոխնախարարը։
Արթուր Սարգսյանի փոխանցմամբ, քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվելու է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքերով, ընտրողը դուրս է հրավիրվելու քվեարկության սենյակից, եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզի, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը: Էկրանին հայտնվելու է կարմիր նշան և համապատասխան մասնագետը տեղամասային հանձնաժողովին տեղեկացնելու է դրա մասին:
Ընտրողների ստորագրված ցուցակների ստուգումը լիարժեք հասանելի դարձնելու համար առաջարկվում է ընտրական օրենսգրքի գործող կարգավորումներին զուգահեռ ամրագրել դրույթ, ըստ որի՝ տեխնիկական սարքավորման կողմից տպվող տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականցվել է անձը հաստատող փաստաթղթի հիմա վրա: Բացի դա՝ ԱԺ ընտրություններին մասնակցող թեկնածուին կամ կուսակցության վստահված անձանցիցի մեկին հնարավորություն է տրվում օրենքով սահմանված ժամկետում դիմել տարածքային ընտրական հանձնաժողով ու ստանալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն:
Անցումային դրույթներով կարգավորվում է նախագծի ուժի մեջ մտնելու առանձնահատկությունները, որով եթե մինչև սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ն հանդես չգա անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական միջոցների առկայության մասին հայտարարությամբ, ապա նախագիծը չեղյալ կհայտարարվի։ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ սա բացառիկ պայմանավորվածության արդյունք է, երբ ստանալով ձայների գրեթե չորս հինգերորդ մասը, կառավարությունն ու աշխատանքային խումբն ընդառաջ են գնացել ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը, լրացուցիչ առաջարկությունների փաթեթ են ընդունել:
Կառավարությունը հունիսի 27-ին ժամը 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրեց օրակարգում ներառելով այս եւ եւս 23 հարց։