ՏՏ ոլորտում կադրերի պակաս կա. ԿԳ նախարարը՝ «Սինոփսիսում»
Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ : «Սինոփսիս Արմենիա»- ի վերջին տարիների ձեռքբերումներին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, որից հետո հանդիպել ՏՏ գործատուների միության խորհրդի հետ: Լևոն Մկրտչյանը նկատել է, որ գիտություն- աշխատաշուկա կապի ամրապնդման համար անհրաժեշտ է քննարկումներ ծավալել հենց գործատուների հետ: Իր հերթին կարևորելով գործատուների և տեխնիկական ուղղվածությամբ համալսարանների հետ համագործակցությունը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ ընկերությունը տարեկան շուրջ 100 շրջանավարտ է ունենում, և բոլորը պահանջված գործատուների կողմից:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գերակա խնդիրը որակյալ կրթությունն է։ Սա այն ոլորտն է, որը պետք է մշտապես համալրված լինի որակյալ կադրերով: Հավատարիմ մնալով այս առաքելությանը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ավելի քան 10 տարի կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանում տեխնիկական ուղղվածությամբ համալսարանների հետ: Արդյունքում՝ ընկերությունը տարեկան շուրջ 100 շրջանավարտ է ունենում, և բոլորը պահանջված գործատուների կողմից՝ նկատեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Ընկերության կրթական ծրագրերից գոհ են նաև ուսումնական դեպարտամենտի ուսանողները: Նրանցից ոմանք ուսմանը զուգահեռ արդեն աշխատում են «Սինոփսիսում» կամ ցանկություն ունեն աշխատանքի տեղավորվել հենց այս ընկերությունում:
«Սինոփսիս Արմենիա»- ի վերջին տարիների ձեռքբերումներին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով ընկերության գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ էր այցելել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով վերջին անգամ այս կենտրոնում 7-8 տարի առաջ է եղել:
Պատահական չէր, որ շրջայցի ավարտին տեղի ունեցավ նաև նախարարի հանդիպումը տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամների հետ: Գիտություն- աշխատաշուկա կապի ամրապնդման համար անհրաժեշտ է քննարկումներ ծավալել հենց գործատուների հետ՝ նկատեց նախարարը: Գործատու-ուսանող ներկայիս կապը չի բավարարում նաև Տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին: Խոստովանում է, որ սա այն ոլորտն է, որը չի հանդուրժում ոչ պրոֆեսիոնալներին:
Արմեն Բալդրյանը վստահ է՝ բոլոր այն մասնագետները, ովքեր ավարտում են տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունները, ապահովված են աշխատանքով: Ավելին, ոլորտում դեռևս կադրերի պակաս կա և օրակարգում այդ պակասը լրացնելու հարցն է: