Քաղաքական

Թուրքիան ԵԽԽՎ- ում բուռն քննարկման թեման

lusinevasilyan

Ստրասբուրգում  շարունակվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքը: Վեհաժողովի պատվիրակներն այսօր  լսել են «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» մասին զեկույցը: Թուրքական ժողովրդավարության հարցը  նստաշրջանի բուռն քննարկված  թեմաներից մեկն է դարձել,  փաստաթղթի  վերաբերյալ  50-ից ավելի առաջարկ է արվել, ելույթների համար հերթագրվել է մոտ 60 պատգամավոր: Ի դեպ, Թուրքիան կրկին ԵԽԽՎ մոնիտորինգի փուլը վերադարձնելու  առաջարկներ են հնչել: Այդ շրջանից երկիրը  դուրս էր եկել 12 տարի առաջ և գտնվում էր հետմոնիտորինգային երկխոսության փուլում: «Ռադիոլուրը» զրուցել է հայկական պատվիրակության ղեկավարի հետ ոչ միայն այս, այլ նաև մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանին վերաբերող փաստաթղթի  լսումների մասին:

 

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում  Հայաստանի հարցով համազեկուցողները ներկայացրել են մայիսին մեր երկիր  կատարած այցի արդյունքները:  Դրանք առայժմ տպավորություններ են, զեկույցի նախագիծ դառնալու են աշնանը: Մինչ այդ համազեկուցողները մեկ անգամ էլ կժամանեն  Հայաստան ու այցից հետո արդեն կկազմեն զեկույցի նախագիծը, որը քննարկման առարկա կդառնա թերևս ձմեռային նստաշրջանի ընթացքում: Բայց մինչ այդ   Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ալան Միլն ու իտալացի պատգամավոր Ջուզեպե  Գալատին քննարկման են ներկայացրել են առաջին այցի արդյունքները:

Ի դեպ, նրանք Հայաստան էին  եկել երկու կոնկրետ ուղղությամբ դիտարկում անելու՝ քաղաքական գործընթացներ ու կոռուպցիայի դեմ պայքար, բայց քանի որ այցը համընկնել է Ադրբեջանի ռազմական  ագրեսիայի էսկալացիայի փուլին, ինչպես նրանք են նշել,  բոլոր քննարկումներում առանցքային է դարձել  այդ հարցը: Համազեկուցողներն իրենց դիտարկման արդյունքների ներկայացումը մոնիտորինգի հանձնաժողովում  սկսել են հենց ադրբեջանական ագրեսիայից:   Ըստ Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի՝ համազեկուցողներին հատկապես տպավորել է այն, որ բոլորը նույն շեշտադրումներով են ներկայացրել խնդիրը:«Ներկայացրեցին, որ երբ Հայաստանում են եղել, ողջ հանրությունը՝ պաշտոնյա կամ սովորական քաղաքացի, ընդդիմություն կամ իշխանություն, նույն կերպ է ներկայացրել խնդիրը, որ տեղի է ունեցել ռազմական ագրեսիա»:

Համազեկուցողները  նշել են, որ իրենց ունեցած տեղեկությունները պատրաստվում են պատկան կառույցներին ներկայացնել:  Ըստ Նաղդալյանի ՝ ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդին արդեն ներկայացրել են: «Ներկայացրել են նաև իրենց պատկերացումները, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն: Այսօր հանդիպելու են նաև Մարդու իրավունքների հանձնակատարի հետ»:

Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ՝   համազեկուցողներն, ընդհանուր առմամբ օբյեկտիվ են ներկայացրել իրավիճակը: Նա կարևորում է, որ այս գնահատականները   հնչել են ոչ թե հայկական կամ ադրբեջանական կողմից, այլ անկախ դիտորդներից:

Ի դեպ , ներքաղաքական գործընթացների մասին նույնպես  գնահատականներ են  տրվել: Մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքի քննարկման մասին համազեկուցողները նշել են, որ հակառակ նախնական տպավորությանը, թե ընդդիմության և իշխանության մոտեցումների  միջև ընդհանուր եզրեր չկան,   կողմերը համաձայնության, այնուամենայնիվ, հանգել են:

Իսկ նիստերի դահլիճում ԵԽԽՎ-ն այսօր քննարկում էր «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» մասին զեկույցը: Այն պատրաստած եվրոպացի պատվիրակներն  անդրադարձել  են   քրդական խնդրին, անվտանգության միջոցառումների իրականացման ժամանակ մարդու իրավունքների խախտումներին,  Թուրքիայի իշխանություններին կոչ են  արել  իրականացնել արդյունավետ հետաքննություններ։

Զեկույցը հավակնում է դառնալ ամենաբուռն քննարկվածներից  մեկը: 60 պատվիրակ հերթագրվել էր ելույթի համար, 50-ից ավելի առաջարկներ են ներկայացվել: Նիստերի դահլիճում էլ այսօր ողջ քննարկումն ուղեկցվեց մոտավորապես այսպիսի ձևակերպումներով՝ թեման դյուրին չէ, Թուրքիան բարդ երկիր է, այդ երկրում ամեն ինչ այնքան էլ լավ չէ  և այլն: Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի նախագահը միակն էր, որ ապրիլյան ագրեսիայի ժամանակ աջակցեց Ադրբեջանին: Ռուստամյանը նաև  Բունդեսթագի որոշմանն անդրադարձավ՝ ասելով, թե Գերմանիայի խորհրդարանի խիզախ քայլին Թուրքիան պատասխանեց սպառնալիքներով միայն այն բանի համար, որ արձանագրվեց անցանկալին: Հերմինե Նաղդալյանն ասում է, որ ԵԽԽՎ-ն ընդհանուր առմամբ սթափ հայացքով է նայում թուրքական իրավիճակին:

Իսկ հիմնական ինտրիգը մնում է այն, թե արդյո՞ք կընդունվի այն առաջարկը, որն անում են պատգամավորական երեք  խմբեր:  Նրանք առաջարկում են  Թուրքիան կրկին  վերադարձնել ԵԽԽՎ  մոնիտորինգի շրջանակներ։ Այս երկիրը  12 տարի առաջ է դուրս է մշտադիտարկման փուլից  ու անցել է ԵԽԽՎ-ի հետ հետմոնիտորինգային երկխոսության փուլ:

 

Back to top button