Հասարակություն

Փորձում են գտնել մանկատան շրջանավարտների խնդիրների լուծման ուղիները

aidaavetisyan

Մանկատան շրջանավարտների կացարանի և նաև հետագայում աշխատանքի տեղավորման  հարցերը դեռևս մնում են  արդիական: Գործատուները հատուկ վերապահումով են  մոտենում  մանկատան սաներին՝ ասում է  «Սոս մանկական գյուղեր- Հայաստան»  ազգային ծրագրերի զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության    ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը դա կապում է աշխատատեղերի բացակայության հետ:

 

Շուրջ 4000 երեխա, որոնց 80 տոկոսը միակողմանի ծնողազուրկ է և սոցիալապես անապահով ընտանիքներից,  այսօր ապաստանում է  մոտ 42 խնամքի հաստատություններում:  Տվյալները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամինն են:  Պետությունը  2003 թվականից  հոգ է տանում այդօրինակ երեխաների  մասին մինչև նրանց  23 տարեկան լրանալը:   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը  նշում է, որ  այս տարիների ընթացքում մոտ  500 շրջանավարտի ցուցաբերվել է աջակցություն, իսկ 160 շրջանավարտի տրամադրվել է  10 տարի ժամկետով անհատույց պայմանով կահավորված բնակարան:

Ներկայումս էլ փոփոխություններ են կատարվում իրավական ակտերում:  Նախատեսվում է  ընդլայնել հոգեբանների և սոցիալական աշխատողների  լիազորությունները՝ ուղեկցել մինչև 18 տարեկան երեխաներին, իսկ դրանից հետո ինտեգրել հասարակությանը:  Ինչպես յուրաքանչյուր  երիտասարդ, այնպես էլ  մանկատան սաներն  ունեն  նաև աշխատանքի տեղավորման խնդիր: Հայ օգնության միության դեռ 2012 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝  151 մանկատան շրջանավարտներից միայն 10 տոկոսն է ունեցել մշտական աշխատանք:

Նրանցից  66-ը գործազուրկ են, իսկ  64-ը չեն ունեցել  մշտական աշխատանք: Գործատուն հրաժարվում է  ընդունել աշխատանքի կամ ընդունելու դեպքում չի գրանցում որպես օրինական աշխատողի: Լենա Հայրապետյանը նշում է, որ մանկատան միջավայրում մեծացած երեխան ավելի քիչ է պատրաստ աշխատանքի և հասարակության մեջ ինտեգրվելուն, բայց այս երեխաների շրջանում նկատվող գործազրկության մեծ տոկոսը կապված է աշխատատեղերի բացակայության հետ:

«Սոս մանկական գյուղեր- Հայաստան» ազգային ծրագրերի զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանն էլ  իր հերթին նշեց, որ զարգացած շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում,   հասարակության շրջանում առկա կարծրատիպերի պատճառով գործատուները կասկածանքով են վերաբերվում մանկատան շրջանավարտներին՝  լիարժեք չպահպանելով աշխատանքային իրավունքները: Եվ այս հարցում համապատասխան կառույցները պետք է տանեն աշխատանք՝ իրազեկեն, որ այդ երեխաներն էլ են   հասարակության մի մասնիկը:

«Մենք մեր փորձի վրա կարող ենք  ասել՝  երբ մեր երեխաները  դիմում են  աշխատանքի, կա այսպիսի մի կարծարտիպ, որ մանկատան երեխան կարող է գալ, մի բան գողանալ կամ փչացնել: Սա բոլորիս խնդիրն է՝ իրազեկելու հասարակությանը, գործատուներին։ Կապը հասարակություն և այդ տիպի սոցիալական խմբերի հետ պետք է ավելի ամրանա և բարիդրացիական հարաբերություններ ստեղծվեն։ Մենք պետք է ավելի հանդուրժող գտնվենք»,- ասում է։

Հովհաննիսյանը նշում  է նաև, որ որոշ եվրոպական երկրներում մանկատան երեխաների զբաղվածության հարցը լուծվում է քվոտավորման միջոցով: Պետությունը պարտադրում է  խոշոր գործատուներին որոշակի քանակությամբ աշխատատեղեր սահմանել նմանօրինակ երեխաների համար: Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով էլ կառավարության առաջարկով երեխայի կարիքները պետք է գնահատել նրա  մանկատուն ընդունվելու օրվանից և չսպասել մինչև հաստատությունից դուրս գրվելը: Տեղավորման օրը պետք է արդեն լինի նրա դուրս գրման պլանավորման ժամկետը՝ ասում է:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսավորմամբ էլ իրականացվում է հնգամյա տևողությամբ 22 հաստատությունների վերակազմակերպում: Դրանց  թվում են մանկատներն ու գիշերօթիկ խնամքի հաստատությունները: Սոցապնախարարության ենթակայության տակ գտնվող 9 հաստատությունների դեպքում դրանք կվերակազմակերպվեն ընտանիքի և երեխաների աջակցության կենտրոններում,  որոնք  երեխաներին և նրանց ընտանիքներին  կտրամադրեն համապատասխան աջակցություն՝ ելնելով նրանց կարիքներից: Իսկ վերակազմակերպվելիք  հատուկ դպրոցների պարագայում դրանք կդառնան հոգեբանամանկավարժական կենտրոններ, որոնց հիմնական գործունեությունը երեխաների կրթությունը հանրակրթական հաստատություններում ապահովելն է եւ Հայաստանում համընդհանուր ներառական կրթություն ներդնելը։

Ներկա բարեփոխման գաղափարախոսությունն է օր առաջ հանել երեխաներին մանկատներից, աշխատել կենսաբանական ընտանիքների հետ, որպեսզի հնարավոր լինի վերադարձնել երեխաներին ընտանիք: Եթե դա հնարավոր չէ, երեխաները պետք է ընդգրկվեն խնամակալ ընտանիքներում՝ նշեց Միրա Անտոնյանը:

Հայկ Խեմչյանն էլ ավելացրեց, որ  շրջանառվում է խնամակալության մասով  օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է ընդլայնել խնամատարության տարատեսակները և դրանում ընդգրկվող պոտենցիալ երեխաների կատեգորիաները, հակառակ դեպքում մենք հետագայում լուրջ խնդիրներ կունենանք այդ երեխաների ճակատագրերի հետ կապված՝ ասում է։

Back to top button