Սպառողների շահերով զբաղվող ՀԿ- ն դատական գործ է սկսում Ռամազոտիի համերգի կազմակերպչի դեմ
Հայաստանում Էրոս Ռամազոտիի համերգը չկայացավ, իսկ վաճառված տոմսերի գումարները մինչ այս պահը չեն վերադարձվել։ Այսօր արդեն սպառողների իրավունքները պաշտպանելու համար «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ- ն դատական հայց է ներկայացրել համերգի կազմակերպիչների դեմ՝ ասում է ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա կոչ է անում համերգի տոմս գնած բոլոր քաղաքացիներին միանալ և պայքարել՝ գումարը hետ ստանալու համար:
Վերջին 2 տարիներին մի քանի դեպքեր են եղել, երբ Հայաստանում հայտնի մարդկանց մենահամերգները չեն կայացել։ Նախապես հայտարարվում է նրանց համերգների մասին, տոմսերը դրվում են վաճառքի, մեծ թվով սպառվում են և հանկարծ պաշտոնական հայտարարություն է տարածվում, որ համերգը չի կայանալու։
Այդ դեպքերից մեկն էր հանրահայտ իտալացի երգիչ, կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի մենահամերգը,որը պետք է տեղի ունենար 2016 թ ապրիլի 26-ին։ Բայց ռուսաստանյան կազմակերպիչ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով համերգը չկայացավ։ Հայաստանում այդ տոմսերի վաճառքով ու կազմակերպական հարցերով զբաղվում էր «Ֆորպոստարտ փրոդաքշըն» ընկերությունը։
Դրա գլխավոր տնօրեն Զառա Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերը և գործակալները, ինչպես նաև՝ FORPOSTART PRODUCTION-ը և երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը պատասխանատվություն չեն կրում՝ ուստի չեն կրում նաեւ տոմսի արժեքի վերադարձման կամ վնասի փոխհատուցման պատասխանատվություն եւս չեն կրում։
Այնուհետև հայտարարվեց, որ տոմսերի վաճառքի գումարը կվերադարձվի դատական գործընթացի ավարտից հետո ու նախանշվել էր ժամկետ՝ մայիսի 26 –ից մինչև հունիսի 26 –ը: Սակայն արդեն երեք օր է մնացել նախանշված ժամկետի ավարտին, բայց գումարի վերադարձ այդպես էլ չի եղել:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն դատարանում պաշտպանելու է տուժած սպառողների շահերը: Կազմակերպությանն արդեն դիմել են 40-ից ավել սպառողներ: Հասարակական կազմակերպություն նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է, որ «Ֆորպոստարտ Փրոդաքշընի» հայտարարությունը, թե փոխհատուծումն իր լիազորությունների մեջ չի մտնում՝ մոլոռոցնեող է։ Նրա խոսքով՝ երկու տնտեսվարող սուբյեկտների միջև եղած իրավահարաբերությունների մասին հիմնավորումը սպառողի հետ որևէ կապ չունի: Երևանյան ընկերությունը պարտավոր է փոխհատուցել տոմսի համար վճարած գումարը: Կազմակերպությունը դիմում է տուժած համաքաղացիներին եւ հորդորում պաշտպանել սեփական իրավուքները:
Քաղաքացիները կարող են միանալ «Էրոս Ռամազոտի համերգի տոմսերի վերադարձ» ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 010 430-930 հեռախոսահամարով։ Նրանց փոխարեն որևէ մեկն իրավասու չէ պայքարել իրավունքների պաշտպանության համար, ա պետք է դառնա նախադեպ՝ ասում է Բաբկեն Պիպոյանը։
Փաստաբան Գայանե Դեմիրճյանը, ով ևս խաբված հանդիստեսներից մեկն է, ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ սպառողը տեսնելով համերգի մասին հայտարարությունը կամ գովազդը, պետք է ուշադրություն դարձնի, թե որ կազմակերպությունն է կազմակերպիչը, որպեսզի խնդիրներ առաջանալու դեպքում իմանա՝ թե ում պետք է դիմի:
Բաբկեն Պիպոյանն ու Գայանե Դեմիրճյանը լիահույս են, որ արդարադատության համակարգում կգործի արդարությունը։