Հասարակություն

ՀՀԿ- ական պատգամավորը ցանկանում է, որ Հայաստանը դառնա չափավոր կոռուպցիայի երկիր

lenabadeyan

Կոռուպցիայի դեմ պայքարն ու խնայողական ծախսերի ռեժիմի անցնելու բարձրագոչ հայտարարություններն աստիճանաբար մեղմանում են՝ տեղը զիջելով բացատրություններին եւ ճշտումներին: Այսպիսով ստացվում է, որ աշխատանքից հեռացվածները պարզապես ազատվում են՝ առանց պատասխան տալու, իսկ ծախսերի կրճատումներն էլ արվում են այնտեղ, որտեղ այսպես ասած «ավելցուկ» կար: Որպես օրինակ ասենք՝ որեւէ պաշտոնյա այսուհետ հեծանիվով կամ հասարակական տրանսպորտով աշխատանքի չի գնա, քանզի գերատեսչություններում կրճատվում են չօգտագործվող մեքենաները, որոնց համար ամեն դեպքում արվում էին վառելիքի, տեխզննման, ԱՊՊԱ-յի, վարորդ պահելու եւ այլ ծախսերը:

Կոռուպցիայի դեմ պայքարի թեման վերջերս շատերի ուշադրության կենտրոնում է եւ շատերն արդեն հասցրել են իրենց կարծիքն արտահայտել, ինչպես օրինակ՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա դեռեւս թերահավատորեն է մոտենում հայտարարված պայքարին: «Չեմ կարծում, որ 18-ից ավելի նախարարություններով, գերատեսչություններով ու առընթեր մարմիններով կարող է լինել արդյունավետ պետական կառավարում 2-3 միլիոն բնակչություն ունեցող երկրում: Կամ մարզպետարանների աշխատակազմերը նայեք՝ շատ ուռճացված են: Ամեն դեպքում՝ չմնա էլի հռետորաբանության մակարդակում թե կրճատումների հարցը, թե կոմպակտ կառավարության հարցը, թե որակյալ եւ արդյունավետ գործող փոքր, օպերատիվ գործող կառավարության խնդիրը»:

Հիմնովին վերացնել կոռուպցիան չի ստացվի՝ կարծում է պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը:  Սա գիտակցելով ցանկանում է, որ Հայաստանը դառնա չափավոր կոռումպացված երկիր՝ պետություն, որտեղ կոռուպցիան քիչ կլինի: Ի դեպ, Հանրապետական խմբակցությունից այս պատգամավորը կիսում է հանրության մեջ տարածված կարծիքը, որ կոռուպցիան հենց իշխանության մեջ է: Բայց, ի տարբերություն հանրության մեջ տարածված կարծիքի, հավատում է, որ իշխանությանը կհաջողվի իրակամնացնել որոշ քայլեր:

«Կոռուպցիան բնականաբար ժողովրդի մեջ չի լինում, իշխանությունների մեջ է լինում: Իշխանություններն էլ նրա համար են, որ պայքարեն: Հիմա պայքարում են, արդյունքը մեկ, երկու, երեք կամ հինգ տարի հետո  կտեսնենք: Եթե քիչ արդյունք է տվել այդ դեպքում կքննադատենք, բայց հիմա բերեք թողնենք, տեսնենք՝ ինչ են անում: Վարչապետը հարցն ասել է, դուք արդեն սկսել եք քննադատելը: Դա եթե վերացնելը հեշտ լինե այսօր մյուս երկրներում էլ կվեացնեին: Այսինքն՝ դա վերացնելը անհնարին է ու, եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, պարզապես չափի մեջ է խնդիրը, մի տեղ ավելի մի տեղ պակաս»,- ասում է։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությանյանն արդեն հասցրել է պարզաբանել, որ արված հայտարարությունները պետք է ճիշտ մեկնաբանել եւ չպարզունակացնել: Օրինակ, բացատրում է՝ շուրջ 4 անգամ պետք է կրճատվի կառավարության կայացրած որոշումների թիվը: Հիմնավորում է, որ յուրաքանչյուր փաստաթուղթը մինչեւ որոշում դառնալը երկար ճանապարհ է անցնում տարբեր գերատեսչություններով եւ օղակներով՝ վերջում հասնելով կառավարությանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարան ասում է այդպես չպետք է լինի, բայց նաեւ աշխատակազմերի մասով ճշտում՝ »օպտիմալը չի նշանակում նաեւ փոքր»:

«Խոսել պարզ, պրիմիտիվ մոտեցման մասին կրճատումների՝ ճիշտ չէր լինի, որովհետեւ այդ ձեւով դուք չեք բարելավում ոչ մի բան, դուք ընդամենը ավելի եք ծանրաբեռնում աշխատողներին, որոնք կան, ինչից բնականաբար կարող է տուժել աշխատանքի որակը: Խոսքը վերաբերում է շատ ավելի խորը գործընթացին: Ցավոք սրտի, բյուրոկրատիան անընդհատ բազմանում է, շատանում է եւ պարբերաբար անհրաժեշտ է գիլյոտինի նման ոչ թե զուտ միայն հատել, այլեւ վերաիմաստավորել այն առաքելությունը, որ ունի այս կամ այն մարմինը: Հիմա այս պահին հենց այդ խնդիրն ենք դրել մեր առջեւ: Դա հեշտ խնդիր չէ, անկեղծորեն խոստովանեմ, որովհետեւ մենք վերանայում ենք մարմինների լիազորությունները, մենք փորձում ենք փոխել գաղափարախոսությունը»,- ասում է։

Կոռուպցիայի եւ անարդյունավետ կառավարման կողքին կա խանգարող եւս մեկ հանգամանք: Դա մենաշնորհն է: Այս խնդրի հետ էլ է պետք ինչ որ բան անել: Բայց դե ի՞նչ անենք մի խնդրի հետ, որը ունենք, թե չունենք՝  պարզ չի՝ սա էլ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գնահատականն է։ «Եթե մենք նայում ենք ֆորմալ հայտնիշներին, ապա ֆորմալ հայտանիշներով դուք մենաշնորհներ չեք գտնի: Սակայն ֆորմալ հայտանիշների բացակայությունը կամ առկայությունը չէ, որ որոշում է տնտեսվարողների վարքը եւ հարկավոր է նաեւ տնտեսվարողներին վստահություն ներշնչել: Հարկավոր է նրանց հնարավորություններ տալ: Հիմա կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի տնտեսվարողներին տրվի այդ հնարավորությունները՝ լիարժեք մասնակցնելու եւ ունենալու հավասար պայմաններ: Շատ հաճախ կան կենտրոնացվածության խիստ բարձր աստիճաններ, շատ հաճախ չկան այդ բարձր աստիճանները, բայց կա պատկերացում, որ դրանք կան»:

Ամեն դեպքում՝ ինչ էլ որ լինի, հանրությունը որոշակի արդյունք պետք է զգա եւ տեսնի գոնե մեկ տարի հետո: Չմոռանանք, որ գալիք 2017-ը առանցքային փոփոխություններ ենթադրող նախընտրական տարի է:

 

Back to top button