Սպորտ

«Գազպորմ Արմենիան» առավելության հասավ լրագրողների նկատմամբ

arammanukyan

Խոհածածկ դաշտում այս տարվա իր առաջին հանդիպումն է անցկացրել Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը։ Նրա առաջին մրցակիցը «Գազպրոմ Արմենիա» ընկերության թիմն էր։

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց «Գազպրոմ Արմենիա»-ի թիմի առավելությամբ՝ 2-1։ Երկրորդ խաղակեսում արդեն զացվեց այս թիմի ֆիզիկական առավելությունը։ Հորդառատ անձրեւի եւ քամու ուղեկցությամբ անցկացված այս խաղակեսում «Գազպրոմ Արմենիա»-ի   դարպասապահը չեզոքացրեց լրագրողների գրեթե բոլոր վտանգավոր հարվածները։ Արդյունքում գազպրոմականները լրագրողներին հաղթեցին 6-2 հաշվով։ Երեք գնդակ խփեց Սպարտակ Արզումանյանը, իսկ լրագրողների կազմում աչքի ընկան Դավիթ Ալավերդյանը եւ Էդուարդ Քալանթարյանը։

Խաղից հետո թիմերը պայմանավորվեցին հանդիպումները դարձնել  ավանդական, իսկ խաղերից մեկն աշնանը կազմակերպել Արցախում։

«Կարելի է ասել, այսօր մենք մրցում էինք ոչ միայն «Գազպրոմ Արմենիա»-ի թիմի, այլ նաեւ եղանակի հետ, եւ եթե մրցակցին մենք արդարացիորեն զիջեցինք, ապա եղանակային անբարենպաստ պայմանների հետ պայքարում բոլորս հաղթող ենք»,- խաղի ավարտին կատակեց Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ, «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

Այս խաղով Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սկսեց նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք լրագրողների միջազգային մրցաշարին, իսկ մրցակիցը՝ «Գազպրոմ» ընկերության սպարտակիադային։ Առաջիկա օրերին լրագրողները մտադիր են ստուգողական խաղ անցկացնել նաեւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի թիմի հետ։

Back to top button