«Սինջար»- ի ղեկավարը ԱԺ- ում եզդիների ցեղասպանության ճանաչման վերջնաժամկետ նշում է աշունը
Սիրիայում ու Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները ցեղասպանություն են: Նման հայտարարոթւայմբ հունիսի 15-ին հանդես եկավ ՄԱԿ-ի՝ Սիրիայի իրադարձությունների հետաքննության հարցերով հանձնաժողովը: Փաստաթղթում մասնավորապես նշվեց, որ «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ իրականացված գործողությունները զանգվածային կոտորածներ են, սեռական և սովորական ստրկություն, կտտանքներ և այլ հանցագործություններ: Այսօր «Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ նախագահ Բորիս Մուրզին բացել է փաստաթղթի բովանդակային փակագծերը, ինչպես նաև անդրադարձել փախստական դարձած Շանգալի եզդիների ճակատագրին:
Հունիսի 15-ին ՄԱԿ- ի Սիրիայի իրադարձությունների հետաքննության հատուկ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես եկավ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Սիրիայում և Իրաքում եզդիների նկատմամբ իրականացրած բռնությունները որակելով ցեղասպանություն։ Հանձնաժողովն արձանագրեց, որ 400 հազարանոց էթնիկ կրոնական խմբին փորձել են ոչնչացնել սպանությունների, սեռական ստրկության և այլ հանցագործությունների միջոցով:
ՄԱԿ-ի փորձագետները զրուցելով տասնյակ ողջ մնացածների հետ զեկույցում նշել են, որ իսլամիստ գրոհայինները համակարգված առևանգել են եզդիներին Իրաքում և Սիրիայում 2014 թվականի օգոստոսից ի վեր՝ փորձելով «ջնջել նրանց ինքնությունն» այնպիսի գործողություններով, որոնք համապատասխանում են ցեղասպանության մասին կոնվենցիայում նկարագրված հանցագործության բնորոշմանը: «Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է»,- ասված է զեկույցում:
Այսօր ՄԱԿ-ի հայտարարության մասին տեղեկացրել է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրզին՝ նշելով, որ «Իսլամական պետության» նպատակը եղել է եզդիների ամբողջական ոչնչացումը և նրանց էթնոկրոնական առանձնահատկությունից զրկելը: «Կատարվածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն»,-ՄԱԿ- ի զեկույցի գնահատականն է փոխանցում Մուրազին
Բորիս Մուրզին, կարևորելով ցեղասպանություն իրագործողներին պատժելու Կանադայի ԱԳՆ կոչը, նկատեց, որ հանաձնաժողվը հայտարությունում շեշտում է, որ խմբավորման գրոհայինների գործողությունների առնչությամբ հարկավոր է հետաքննություն սկսել Միջազգային քրեական դատարանում: Տարածքներ գրավելով Իրաքի հյուսիսում` ԻՊ զինյալները սկսեցին զանգվածային սպանություններ իրականացնել: Իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց, ըստ 2015-ի նախնական տվյալների, զոհ է գնացել մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի 2015-ի զեկույցում ընդգծում էր, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրագործում Իրաքում՝ կրոնական ազգային փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ: Հունիսի 15-ի հայտարարությամբ, հանձնաժողովի անդամները կոչ են արել գերտերություններին փրկել դեռևս ԻՊ-ի հսկողության տակ գտնվող առնվազն 3200 կանանց ու երեխաներին:
Ինչ վերաբերում է Շանգալի եզդիների ճակատագրին՝ Մուրազին նշում է, որ մեծ մասը գտնվում է Թուրքիայի ճամբարներում, շատերը ելքեր են փնտրում Եվրոպա տեղափոխվելու համար, իսկ Շանգալից Հայաստան եկել է 3 ընտանիքներ, որոնք արդեն վերադարձել են հայրենի բնօրրան:
Բորիս Մուրազին կարևորում է հունիսի 9-ին ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «Հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» որոշման նախագիծը: Սակայն, բանախոսը մտավախություն ունի օրինագծի ընդունման ժամկետների վերաբերյալ, նշելով՝ եթե այն չընդունվի աշնանային նստաշրջանի սկզբում, այլ տեղափոխվի 2017 թ-ի գարնանային նստաշրջան, ապա կնշանակի՝ ողբերգությունն օգտագործել նախընտրական նպատակով։