Վերլուծական

Աշոտ Մելքոնյան. Հռոմի պապի այցն ունի բացառիկ նշանակություն

lilitaghbalyan

Դարեր շարունակ Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունները եղել են շատ լարված՝ պայմանավորված հայության մի մասի կաթոլիկություն ընդունելու հետ, բայց վերջին շրջանում այդ հարաբերությունները ջերմացան եւ 1,5 մլրդ կաթոլիկներն ընդգծված վերաբերմունք ունեն հայության, հայ եկեղեցու նկատմամբ, «Ռադիոլուրին» այսօր ասել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստանի այցի պատմական եւ քաղաքակրթական նշանակությանը։

Պատմաբանը նշել է, որ երկար ժամանակ Կաթոլիկ եկեղեցին չէր ընդունում, որ Հայաստանը քրիստոնեությանն առաջինը պաշտոնապես ընդունած երկիրն է, սակայն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի այցի ժամանակ դա ընդունվեց, իսկ Ֆրանցիսկոս Առաջինի այցը դրա հերթական հաստատումն է։

Կաթոլիկ եկեղեցու հովվապետի Հայաստան այցն ունի բացառիկ նշանակություն՝ ասել է Աշոտ Մելքոնյանը։  «Կաթոլիկ աշխարհին դեպի հայությունը կողմնորոշելու իմաստով, կարծում եմ, դա արմատական բեկում կնշանակի։ Ուշադրություն դարձրեք՝ Բրազիլիա, Չեխիա, այս երկրներում Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը փոխվեց Հռոմի պապի վերաբերմունքից հետո»։

Հայոց ցեղասպանության խնդրից բացի Հռոմի պապն այսպես թե այնպես պետք է շոշափի նաեւ ԼՂ խնդիրը, որտեղ եւս կաթոլիկ աշխարհի աջակցությունը կենսական նշանակություն ունի մեզ համար՝ ընդգծեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

 

Back to top button