ԿարևորՔաղաքական

102 եվրո՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման և բարելավման համար

hasmikdilanyan

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի  նախագծին։ Հաստատվեց նաեւ Դիլիջանում օծանելիքի, օճառի արտադրություններ հիմնման, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրերը։ Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող 308.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 494.85 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրատվության կարգով հատկացվեց «Քվանտ» վարժարանին; Կառավարության ղեկավարի խոսքով՝ վարժարանը  39 մլն դրամի փոխարեն կատարել է  200 մլն դրամի ներդրում և կառավարությունն էլ իր պարտավորությունը  պետք է կատարի: 

 

90- ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը նոր քաղաքացիական դատավարության  օրենսգիրք կունենա: Կառավարությունն այսօր հավանություն տվեց նախագծին։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոր օրենսգրքի ընդունումը  մի շարք հանգամանքներով է պայմանավորում:

Նախ՝ այն բխում է ՀՀ նախագահի հաստատած 2012-2016 թվականների իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի պահանջներից և դրանից բխող միջոցառումների ցանկից, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման նպատակ ունի:

Բացի այդ, ազդեցություն են ունեցել նաև սահմանադրական բարեփոխումները, որտեղ մի շարք դատական կարգավորումներ են նախատեսվել: Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ, նախագծի առաջնային ուղղվածություններից մեկը նախնական դատական նիստի նշանակության բարձրացումն է : Ըստ նրա՝ այդ  նիստի ընթացքում հիմնական խնդիրը պետք է լինի ապացույցների հավաքումն ու ապացուցման դերի բաշխումը:

Դատաքննության փուլում ևս հստակեցում է կատարվել դատաքննության գործողությունների հաջորդականության հետ կապված` նվազագույնի հասցնելով դատարանի նիստը վերսկսելու հայեցողությունը: «Հստակ սահմանվել են, թե որ դեպքում առաջին ատյանն իրավունք ունի վերսկսել դատական նիստը, այն է` ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակը.։ Սա ևս կոռուցպիոն ռիսկերի նվազեցման համար չափազանց կարևոր նշանակություն ունի»,- ասաց։

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ,  սպառիչ սահմանվել են դատական նիստերի հետաձգման հիմքերը, իսկ սա նշանակում է` այն բազմաթիվ դժգոհությունները, որոնք առկա էին դատական նիստերի անհարկի հետաձգման և ձգձգման հետ կապված, կվերանան, քանի որ պարզ կլինի երբ, ինչու, ինչի համար է հետաձգվում դատական նիստը:

Դատավարական ժամկետների առումով էլ, ըստ արդարադատության նախարարի, պահպանվել է ընդհանուր կանոնը` ողջամիտ ժամկետում կատարել դատաքննությունը, բայց միևնույն ժամանակ առանձին վարույթների համար սահմանվել են հստակ ժամկետներ: Դատական ծախսերի առումով ևս կարևոր քայլ է կատարվել: Մասնավորապես, հստակ սահմանվել է, որ հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը: Առանձին հոդվածով կանոնակարգվել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրության ինստիտուտը:

Հաստատվեց նաև  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը: Նպատակը՝ Հայաստանը  Վրաստանին կապող   Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու վերանորոգումն է :  Նախնական գնահատմամբ՝  ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն 102 մլն եվրո: Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հստակեցմամբ,  ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից:   Շինարարական աշխատանքները կտևեն   36 ամիս՝ 2017-2020 թթ. ընթացքում:

Հստակեցվում է նաև  քաղաքաշինության ոլորտում  կատրվող ներդրումկների լիցենզավորման կարգը : Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  կարևորում է շինարարական թույլտվությունների  էլեկտրոնային համակարգի ներդրումը։ Կառավարությունը հաստատեց  Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը: Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քիմիական ոլորտի հետևյալ գործունեության տեսակները. օճառի արտադրության մեջ բացակայում է վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում: Սա՝ պատասախանտուների վստահեցմամբ:

Կառավարության որոշմամբ, կառավարական 2 շենքում տեղակայված «Նոյյան տապան» գրախանութին պատկանող տարածքն էլ կօտարվի «Տանգո» ընկերությանը:

Հիշեցնենք, արտաքին գործերի նախարարության արդեն նախկին շենքը պատկանում է  արգենտիանահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի այս ընկերությանը:

 

Back to top button