Քաղաքական

Արցախի ԱԺ փոխխոսնակը Սանկտ Պետերբուրգի հանդիպումը անհրաժեշտ է համարում, բայց արդյունքներ չի ակնկալում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանը սանկտպետերբուրգյան հանդիպման հետ հույսեր չի կապում, կարծում է, որ բանակցություններն անհրաժեշտ են, քանի որ եթե  դրանք չկան, ապա նշանակում է՝պատերազմը պետք է շարունակվի: Վահրամ Բալայանի խոսքով, ամեն գործընթաց սակայն պետք է տեղավորվի ԼՂՀ Սահմանադրության շրջանակներում:

 

Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանի կարծիքով՝ ապրիլյան ագրեսիայից հետո  բանակցային գործընթաց ասվածի ակտիվացումը ակնկալելի էր:   Վերջին տարիներին այն ինչ- որ տեղ ձեւական բնույթ ուներ, մի շարք գործոններ ադրբեջանական կողմին թույլ տվեցին կարծել, թե հակամարտությունը ռազմական լուծում ունի, սակայն ապրիլյան ագրեսիան այլ բան ապացուցեց՝ խառնելով առաջին հերթին Ադրբեջանի խաղաքարտերը՝ հարցը ռազմական լուծում չունի եւ գործնական քայլեր են անհրաժեշտ:

Մեկ ամիս առաջ կայացած Վիենայի հանդիպումը առանցքային էր պատերազմի վերսկսումը բացառելուն ուղղված գործնական քայլերի տեսանկյունից: Սանկտպետերբուրգյան հանդիպումը ԼՂՀ ԱԺ փոխխոսնակը դիտարկում է բանկացային գործնթացը գործնական հունի մեջ մտցնելու առումով, բայց եւ այնպես  մեծ ակնակլիքներ դրանից չունի:

Առաջիկա հանդիպման նախաձեռնությունը Ռուսաստանինն է: Վահրամ Բալայանը չի կիսում այն մտահոգությունը, թե Ռուսաստանը ի հաշիվ հայկական շահերի փորձելու է սիրաշահել Ադրբեջանին։

Ինչ վերաբերում է ինչպես այս հանդիպման, այնպես էլ ողջ բանակցային գործընթացում ԼՂՀ շահին, ապա Արցախի Ազգային ժողովի փոխխոսնակը համոզված  է, որ այն պետք է տեղավորվի ԼՂՀ Սահմանադրության շրջանակներում:

 

Back to top button