Մշակույթ

«Ոսկե ծիրանի» այս տարվա ծրագրում ընդգրկված է 135 ֆիլմ. հայտեր եղել են 91 երկրից

alisagevorgyan

Հուլիսի 10-17-ը Երևանում կանցկացվի  «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնը, որի մեկնարկն այսօր ազդարարվել է ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Կազմակերպիչների փոխանցմամբ՝  այս տարի փառատանին ներկայացվել է ավելի քան 900 հայտ ՝ 91երկրներից: 13-րդ «Ոսկե ծիրանը»  նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

 

«Ամեն տարի մենք ոգևորությամբ ենք սպասում այն տոնին, որը կոչվում է «Ոսկե ծիրան», բայց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի բնորոշմամբ 13-րդ- ն առանձնահատուկ է, այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին։

900 հայտ ՝ 91երկրներից. փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և  «Հարգանքի տուրք»  ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի վարպետների լավագույն աշխատանքները:

«Հայկական կինո.արդի ժամանակներ» ծրագիրը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմեր: Ծրագիրը կմեկնարկի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն  պատերազմի և խաղաղության օրերից»  ֆիլմի ցուցադրությամբ: 13-րդ «Ոսկե ծիրանի» բացմանը ֆիլմը, ինչպես փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն է տեղեկացնում, Համո Բեկնազարյանի «Զարեհ»  ֆիլմն է։

Ինչ կարողացավ անել «Ոսկե ծիրան» փառատոնը անկախ Հայաստանի կինոյի կայացման գործում գոյության 13 տարիների ընթացքում։ «Ռադիոլուրի» հարցին Հարություն Խաչատրյանը պատասխանում է, «Եթե անկախության ճանապարհը մենք սկսեցինք առանց կինոստուդիայի, ծրագրերի ու նոր ֆիլմերի, ապա այսօր  25 –ամյակն ամփոփում ենք հայկական կինոյի նոր անուններով ու ֆիլմերով: Երկրորդ՝ աշխարհին ցույց տվեցինք, որ գոյություն ունի հայկական կինեմատոգրաֆիկ բարձր մակարդակի հասցե , երրորդ՝ աշխահի բոլոր հայ ռեժիսորներին կապեցինք Հայաստանի հետ»։

Գոյության ողջ ընթացքում  երևանյան միջազգային այս կինոփառատոնն իրականություն է դառնում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շնորհիվ: «Մենք համագործակցում ենք մեր հայացքն ուղղելով դեպի ապագան», -ասում է ընկերության գործադիր տնօերն Ռալֆ Յիրիկյանը։

Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի կլոր սեղան, որի ընթացքում էլ կփորձեն ի մի բերել անկախ Հայաստանի կինոն, 25 տարիների հայկական կինոարտադրանքը: Ինչ ենք կարողացել ստեղծել մինչ օրս և ինչպիսին ենք պատկերցոնում հայ կինոյի ապագան։

Back to top button