ԿարևորՏնտեսական

ՀՕ նախագծից դժգոհ են նաեւ իշխանամետ եւ գործարար պատգամավորները (լրացված)

տեղադրվել է ժամը 13։46- ին
վերջին լրացումը՝ ժամը 19։11- ին

lusinevasilyan

Խորհրդարանն այսօր  կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում բավականին բուռն մթնոլորտում շարունակել է Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումը: Արդյո՞ք նոր օրենսգիրքը միայն ֆիսկալ խնդիրներ է լուծելու, թե նպասատելու է բիզնես միջավայրի բարելավմանը: Կառավարությունը վստահեցնում է, որ մոտ 700 էջ ծավալ ունեցող  փաթեթի հիմքում   տնտեսական գործունեության ակտիվացման նպատակն է: Պատգամավորները, սակայն, թերահավատ են: Ընդ որում , կարծես թերահավատ է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև խորհրդարանական մեծամասնությունը:

 

Ստացվեց այնպես, որ  ամենահետաքրքիր  օրենսդրական քննարկումը խորհրդարանը  ծավալվեց հերթական նստաշրջանից հետո կառավարության կողմից հրավիրված  արտահերթի ընթացքում: Թեև բուռն քննարկումների արժանացել էր նաև Ընտրական օրենսգիքը, սակայն մեկ այլ նոր օրենսգրքի՝ հարկայինի  քննարկումներն  անհամեմատ ավելի շահագրգիռ  էին:

«Եթե նախագիծն այս կերպ ընդունվի, նշանակում է գրանիտից մի տապանաքար պիտի պատվիրենք,  դնենք ՀՀ տնտեսության վրա եւ գրենք. «Վախճանվեց անփառունակ վախճանով»: Այս ոչ հուսադրող գույներով հարկային նոր օրենսդրության հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա տեսնում է ընդդիմությունը:  Հենց այդ պատճառով էլ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մտածում է, որ  կառավարությունը բավարար  շրջահայացություն կունենա և հետ կկանչի նախագիծը:

Պատգամավորի  հիմնական մտահոգությունն այն է, որ գործարար ու փորձագիտական շրջանակները լուրջ առարկություններ ունեն: «Ինչպե՞ս է լինում, որ դուք ասում եք՝ շատ լավ նախագիծ է, բայց ոլորտի շահառուները դժգոհ են, մազոխիստնե՞ր են ոլորտի շահառուները, որ վատ նախագիծը չուզենան անցնի»:

Ընդդիմությունը կարծում է, որ փաստաթուղթը բազմաթիվ թակարդներ ունի հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար,  ընդհանուր առմամբ հարկային բեռի ավելացում է նախատեսում,  մշակվել է ոչ թե տնտեսությունը զարգացնելու, այլ բյուջեի եկամուտներն ավելացնելու տրամաբանությամբ: Նոր օրենսգիրքը չի նպաստի նաև աղքատության նվազմանը, սա արդեն ոչ թե ընդդիմությունն է ասում, այլ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչը ՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

«Երբ խոսում եք հավասարության մասին և ուզում եք օրենսգրքով հավասարություն մտցնել, ապա անդրադարձեք բոլոր հարցերին: Ուրիշ տեղում անհավասարության չկա: Էնպես չի, որ դուք ասում եք մենք էլ լսում ենք ու ոչինչ չենք տեսնում:  Հիմնական նպատակը պետք է լինի աշխատողների շատացնելը։ Մենք դա անո՞ւմ ենք այս օրենսգրքով՝ ոչ, որովհետեւ այն տրամաբանությունը, որը դուք դրել եք, չի աշխատելու»,- ասում էր Հակոբ Հակոբյանը:

Հանրապետական պատգամավորը մի քանի այլ անկեղծ դիտարկումներ էլ անում: Նախ հիշեցնում է, որ 18 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում չի հիշում որևէ դեպք, երբ հարկային օրենսդրության փոփոխություններին գործարար պատգամավորները դեմ քվեարկեն: Պարզ չէր՝ Հակոբ Հակոբյանը դիտարկումը ակնա՞րկ էր ուղղված գործարար պատգամավորներին, թե՞ պարզապես արձանագրում, բայց նա կառավարությանն ուղղված մի հարցադրում էլ ուներ:  «Ինչո՞ւ մենք մեր հարկատուին չենք հարգում, ցանկացած քայլին՝ այսքան տույժ, տուգանք, սա հարգելու ձեւ է, չէ՞: Չի՞ լինի դուք գնաք աշխատեք, մենք գանք հարկային հիմա»:

Իրավիճակի յուրահատկությունը շեշտեց ԲՀԿ-ից Գուրգեն Արսենյանը. արդյոք զարմանլի՞ չէ, որ թե մեծամասնության, թե ընդդիմության ներկայացուցիչները գրեթե նույն տոնայնություններով քննադատում են կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: «Հիմա հարց է առաջանում՝ այս հարկային օերնսգիրքը քաղաքական մեծամասնությա՞ն օրենսգիրքն է, սա  է՞ Հովիկ Աբրահամյանի որդեգրած նոր փիլիսոփայությունը, որովհետև մինչ այս արված հայտարարությունները խոսում էին այլ բանի մասին»:

Դիվերսիա տնտեսվարողների նկատմամբ ՝ այսպես որակեց օրենսդրական փաթեթը պատգամավորը, ասաց, որ իր մտահոգությունները պատրաստվում է ներկայացնել անձամբ հանրապետության նախագահին,  անուղղակիորեն պատասխանեց նաև գործարարների միշտ կողմ քվերակելու մասին Հակոբ Հակոբյանի դիտարկմանը: «Հայաստանի տնտեսվարողները արդեն 10 տարի ձեզ ցույց են տալիս, որ այդ դեպքերում իրենք լքում են երկիրը, քվեարկում են ոտքով»:

Արսենյանի հարցին, թե մեծամասնությունն արդյոք պատասխանատվություն կրո՞ւմ է փաստաթղթի համար,  հանրապետականից Վարդան Այվազյանը պատասխանեց: Շտապողականության հարցին էլ անդրադարձավ, ասաց, որ նախագիծը մոտ 7 տարի քննարկվել է, 5-6 անգամ հայեցակարգ է ներկայացվել,  մինչև երկրորդ ընթերցում էլ 25 քննարկում և  լսումներ են կազմակերպվելու: Իսկ հարցին, թե այնուամենայնիվ ինչու է մեծամասնությունն էլ նույնքան մտահոգված, տնտեսական հանձնաժողովի նախագահն այսպես պատասխանեց, «Մտահոգված ենք, որովհետև սրտացավ ենք, որովհետև առաջնորդվում ենք քաղաքական պատասխանատվությամբ»:

Մտահոգությունները ընդունում ենք որպես լրացուցիչ քննարկման առարկա և պատրաստ ենք անխնա աշխատել դրանք փարատելու ուղղությամբ՝ քննարկման ավարտին ասաց Պետերկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը: Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քվերակությունը սպասվում է վաղը:

Back to top button