Հասարակություն

ԵՏՄ- ում գործում են խաղալիքների որակի ավելի խիստ չափանիշներ

lianaeghiazaryan

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով` Հայաստանը խստացնում է իր չափորոշիչները ոչ պարենային ապրանքների, մասնավորապես` խաղալիքների արտադրության եւ վաճառքի մասով: Խաղալիքների շուկայում տարիներով առկա խնդիրները լուծելու առաջին ճանապարհը պարտադիր սերտիֆիկացումն է. գտնում են էկոնոմիկայի նախարարությունում: Սպառողների շահերի պաշտպանները, սակայն, նոր խստացումներին վերապահումով են մոտենում: Պահանջները միշտ էլ կային, մնում է, որ ստուգողները նորից չշրջանցեն պահանջները, ու գետնանցումների ու էլիտար խանութների վաճառած խաղալիքները չշարունակեն տարբերվել թե գնով, թե ծագմամբ, թե որակով:

 

Ինչ խաղալիքներով են խաղում մեր երեխաները: Առաջին հայացքից կարող է թվալ, որ գոնե այստեղ առանձնակի ռիսկեր չկան, խաղալիքն ուտելիք կամ հագուստ չէ ու առողջության վրա անմիջական ազդեցություն չունի: Այդպես մտածողները լրջորեն սխալվում են՝ զգուշացնում են մասնագետները: Խաղալիքի հոտը, մանր մասեր պարունակելը, ձայնի բարձրությունը, դրանից անջատվող մազիկները, քիմիական վնասակար նյութեր պարունակելը, մեղմ ասած, վտանգավոր են:

Բայց ծնողը պարտավոր չէ հանրագիտարանային գիտելիքներով զինված  գնալ խաղալիք գնելու: Պետությունն է պարտավոր ապահովել, որ գետնանցումից  թե էլիտար խանութից գնված խաղալիքն անվտանգ լինի՝ շեշտում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Իր հերթին էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է`խաղալիքների անվտանգ շուկա ստեղծելու խնդիրը նորովի է դրվել: Տարիներով հուզող խնդիրն ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ անդամակցությունից հետո: Չափորոշիչները նոր են ու առավել խիստ: Մյուս կողմից` 2015-ին Շուկայի վերահսկողության պետական տեսչության փոխարեն ստեղծված նոր կառույցը՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկելու է շուկան:

«Նախկինում խաղալիքների խոշոր ներկրողները կամ մասնագիտացված վաճառողներն ունեին իրենց տեխնիկական կանոնակարգերը, որոնցով եւ առաջնորդվում էին մակնշելիս կամ սերտիֆիկացնելիս: Այժմ կան որոշ փոփոխություններ: Նախկինում խաղալիքի վրա արտադրության ժամկետը չէր նշվում, հիմա պետք է նշվի: Մաքսային միության նշան կա, որը հավաստում է, որ տվյալ խաղալիքը համապատասխանում է տվյալ միության տարածքում գործող անվտանգության չափանիշներին: Այս նշանը պետք է լինի խաղալիքների վրա»,- սպասվող եւ արված փոփոխություններն է նշում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը։

Ինչին ուշադրություն դարձնել խաղալիք գնելիս: Այն, ամեն դեպքում,  պետք է ունենա որակի համապատասխանության սերտիֆիկատ՝ հիշեցնում է Խալիկյանը: Չունեցողների ու սպառողներին չներկայացնողների հանդեպ կիրառվելու է պատասխանատվություն: «Առանց սերտիֆիկատի ոչ ոք չի կարող ասել` այն պատշաճ որակ ունի՞, թե՞ ոչ»:

Խաղալիքների շուկայում տարիներ շարունակ խնդիրներ են արձանագրվում՝ խոստովանում է Խալիկյանը: Դեպքեր են եղել, որ խաղալիքների ամբողջական խմբաքանակ է ոչնչացվել: Բայց խնդիրը կա, ու խաղալիքների շուկան այժմ նոր ստուգումների թիրախում է:

Սակայն ստուգումների առնչությամբ էլ Բաբկեն Պիպոյանը մտավախություններ ունի` հիշելով նախկին վարչապետի խոստովանած խնդիրները:  «Այն ժամանակ էլ տարբեր ապրանքների համար կային անվտանգության չափորոշիչներ: Բայց Տիգրան Սարգսյանն  անձամբ փաստեց` սերտիֆիկացնող մարմինները փող են վերցնում տնտեսվարող սուբյեկտից, վտանգավոր ապրանքների վրա գրում «անվտանգ», ու այդ ապրանքը մտնում է շուկա: Կարեւոր է, որ հիմա այս ստուգումները չկրեն ձեւական բնույթ, այլ անվտանգություն ապահովելու միտում լինի»:

Սերտիֆիկացման պահանջը նորովի դնելը կարո՞ղ է արդյոք գների բարձրացման բերել: Պետական կառույցում կարծում են՝ ոչ: Սա նոր պահանջ չէ, ասում են, պարզապես պետք է տնտեսվարողները` լինի մատակարար, արտադրող, թե վերավաճառող, արտադրանքի համար ունենան ու միմյանցից պահանջեն որակի համապատասխանության սերտիֆիկատ: Պիպոյանն այստեղ էլ վերապահում ունի: Բայց սա այն դեպքն է, որ գնաճից վախենալ պետք չէ` ասում է: Կարեւորը` սերտիֆիկացումն ու փորձաքննությունը «մաքուր» արվեն, իսկ անորակը որակյալով փոխարինելու առաջացրած գնաճը նորմալ է:

Back to top button