Քաղաքական

Աշխարհը բավարար քայլեր չի կատարում եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու համար

karenghazaryan

Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ու ՀՀ վաստակավոր լրագրող, իրավապաշտպան Հասան Թամոյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կրկին ահազանգել են Իրաքի եզդիների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարունակվող գազանությունների մասին: Հերթական առիթը երկու օր առաջ 15 եզդի աղջիկներին կենդանի ալրելն էր: Ճիշտ է եզդիներն անպաշտպան են, սակայն, միջազգային կառույցները, քաղաքակիրթ մարդկությունը, գերտերությունները պետք է այդ անմարդկային ոճրագործություններն ու Իրաքի հյուսիսում՝ Մոսուլում գերության մեջ գտնվող 350 հազար եզդիներին ազատելու եւ եզդինրի բնաջնջումը կանխելու բավարար քայլեր ձեռնարկեն՝ հայտարարել է Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։

 

Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը տեղեկացրեց, որ երեկ հանդիպում է ունեցել Հայաստանում Իրաքի դեսպանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ասաց, որ քննարկել են Իրաքի եզդիների վիճակի հետ կապված հարցեր:  «Խոստացով, որ շուտով կկարողանան գերության մեջ գտնվող եզդիներին ազատել: Հարցն այն է, որ գերտերությունները պետք է չլռեն»:

Ազիզ Թամոյանը կոչով դիմեց աշխարհի բոլոր երկրներին, քաղաքակիրթ մարդկությանը՝ միասնական լինել ԻՊ դեմ պայքարում եւ համարժեք քայլեր ձեռնարկել՝ Իրաքի եզդի բնակչության անվտանգությունն ապահովելու համար, քանի որ այս գազանաբարո խմբավորման արյունոտ ու ոճրագործ ձեռքերը աստիճանաբար տարածվում են աշխարհի տարբեր երկրներում: «Նրանք լիարժեք հանցագործներ են, նրանք Աստվածապաշտ չեն, նրանք մարդկության համար չարիք են: Նրանց պետք է դատապարտել՝ սա է մեր խնդրանքը»։

ՀՀ վաստակավոր լրագրող, իրավապաշտպան Հասան Թամոյանը հիշեցրեց երկու օր առաջ ԱՄՆ-ում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչությունը, որին զոհ գնաց 50 անմեղ մարդ, իսկ պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Եթե նման հզոր երկրում հնարավոր է իրականացնել նման ոճրագործություն, պատկերացրեք, թե ինչ է կատարվել ու շարունակվում է տեղի ունենալ Իրաքի հյուսիսում բնակվող եզդիների նկատմամբ՝ հավելեց նա:

Հասան Թամոյանը հիշեցրեց, որ Հայաստանի նախագահը առաջինն էր, որ միջազգային ասպարեզներում բարձրաձայնեց եզդիներին պատուհասած բնաջնջման վտանգի մասին:

Իրաքի եզդիների նկատմամբ կատարվածը Ցեղասպանություն որակելուն միտված   Հայաստանի ԱԺ նախաձեռնությունը, Հասան Թամոյանի գնահատմամբ, կարեւոր քայլ է, որը լրացնելու է նման ճանաչումների շարքը: Այդպիսի որակումներ արդեն տվել են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան,ԵԽ-ն եւ մի շարք երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Ըստ Հասան Թամոյանի՝ այս ամենը վկայում է, որ եզդիների ցավի նկատմամբ քաղաքակիրթ աշխարհն անտարբեր չէ, սակայն միջազգային հանրությունը, գերտերությունները պետք է առավել ակտիվ քայլեր ձեռնարկեն ԻՊ դեմ պայքարն առավել ակտիվացնելու եւ էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Իրավապաշտպան Հասան Թամոյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ Իրաքի եզդիները դարձել են քաղաքական խաղերի զոհերն ու մասնակիցները եւ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են նաեւ այնտեղի եզդիական համայնքի ղեկավար լինելու հավակնություն ունեցողները: Հասան Թամոյանը կոչ արեց, որ եզդիներն  իրենք էլ միավորվեն՝ իրենց պաշտպանությունն ապահովելու համար, դրանով իսկ օգնելով նաեւ ԻՊ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարող միջազգային հանրությանը:

Back to top button