ԿարևորՏնտեսական

Հարկային օրենսգրքի նախագիծը ԱԺ արտահերթում. այն չի բավարարում նաեւ իշխանական գործարար պատգամավորներին

lenabadeyan

Կառավարության նախաձեռնությամբ եւ առաջարկված օրակարգով այսօր գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Շուրջ 50 հարց է ներկայացված պատգամավորների քննարկմանը: Մինչ քննարկումներին անցնելը՝ խորհրդարանն ընդունեց նախորդ շաբաթ քննարկված 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը:  88 պատգամավոր կողմ քվեարկեց, դեմ էր 15-ը, իսկ  ձեռնպահ 14: ԱԺ արտահերթ աշխատանքի առաջին օրը ուղեկցվել է խորհրդարանհի շենքի մոտ բողոքի ակցիայով:

 

ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկեց շենքի մոտ բողոքի ակցիայով: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքում էր  հայ- ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգի դեմ, քանի որ համապատասխան համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի խորհրդարանում: Սակայն համաձայնագիրն արտահերթ այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված չէ: Ամեն դեպքում՝ ակցիայի մասնակիցները պաստառների օգնությամբ զգուշացրել են, որ չեն հանձնելու ոչ հողը, ոչ օդը։

Ինչ վերաբերում է խորհրդարանի աշխատանքին, ապա այն շարունակեց քննարկել քառօրյայից կիսատ մնացած Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Փաստաթղթում նոր վիճահարույց կետ էր գտել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ միանգամից հրավիրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի ուշադրությունը:

«Լավ, ի՞նչը ստիպեց մեզ, որ մենք նախկին օրենքում բաց ունեինք՝ կարգավորված չէր հղիների բյուլետենի հարկման մեխանիզմը, հիմա դուք հատուկ կարգավորել եք եւ կարգավորել եք ամենավատ տարբերակով, որ հղի կանանց բյուլետենի հաշվարկը կատարվում է գումարային սկզբունքով»,- ասաց պատգամավորը։

«Նպաստների մասով մենք ըստ էության ոչինչ չենք փոխել Հարկային օրենսգրքով եւ մենք լրացուցիչ եկամուտներ նպաստների մասով չենք ակնկալում»,- արձագանքեց Միրումյանը։

Նա այսօր կրկին ստիպված անդրադարձավ աշխատավարձերից գանձվող եկամտահարկի դրույքաչափի փոփոխությանը: Չի կիսում մտահոգությունը, թե սա քայլ է ուղղված միջին խավի դեմ:  «Շատ ստացողը շատ է հարկվում, քիչ ստացողը՝ քիչ»,- այս մոտեցումն է նորմալ համարում:

Հարկային նոր օրենսգրքում մտահոգիչ ցուցանիշները բազմաթիվ են եւ այդ ահազանգը հնչեցրեց նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Ես նկատել եմ վեց էական ուղղությամբ հարկերի բարձրացում եւ ընդհանուր առմամբ այդ բարձրացումները, իմ կարծիքով, կազմում են մոտ 40 միլիարդ դրամ: Ես կուզենայի, որ դուք ցույց տաք գոնե մեկ ուղղությամբ ցածրացում»։

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգիրքը քննարկվում է դեռ առաջին ընթերցմամբ: Դժգոհություններ կան ինչպես հարցը ներկայացնելու կարգից՝ ասել է, թե շտապողականությունից, այնպես էլ փաստաթղթի բովանդակությունից: Օրինագծից հստակ դժգոհություններ ունեն նաեւ իշխանական՝ հանրապետական գործարար պատգամավորները:

Նրանցից մեկն էլ Հակոբ Հակոբյանն է՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերը։ «Նմանատիպ օրենք գրելու համար, եթե չեք վստահում գործարարների հետ տեղում զրուցելուն, ուրեմն պետք է այցելել գործունեության վայր եւ հաստատ կհամոզվեք, որ այս օրենքը մեզ օգուտ չի տալու վնասից բացի: Ես ինքս՝ դեմ չեմ քվեարկելու այս օրինագծին, բայց կողմ էլ չեմ քվեարկելու: Եթե կարողանանք շտկել ինչ որ բաներ, ապա այդ դեպքում նոր երկրորդ ընթերցման ժամանակ կողմ կքվեարկեմ կամ դեմ»:

Եթե օրենսգիրքն ընդունվի այնպես, ինչպես կա, ապա հետագա գնաճն անխուսափելի է՝ կանխատեսում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Դուք, ըստ էության, գնաճի նոր խթան եք տալու, որովհետեւ ակցիզային հարկի դրույքաչափեր են փոխվում՝ բենզինի էական գնաճ է լինելու, լիցքավորվող գազի էական գնաճ է լինելու, սպիրտային խմիչքի եւ էլի ապրանքների էական գնաճ է լինելու: Ծխախոտը դեռ մի կերպ ընդունելի է, որ մարդիկ, թող քիչ ծխեն»:

Հիշեցնենք, որ Հարկային նոր օրենսգրքի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերն է եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խոստացել ՝ մինչեւ աշուն կկազմակերպվեն բոլոր շահագրգիռ քննարկումները, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներ՝ վիճահարույց կետերը հարթելու համար:

 

Back to top button