Միջազգային

Աթենք. Թուրքիան քաղաքակրթության ժամանակակից մակարդակում չէ

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիան դեռ չի գտնվում 21- րդ դարում եւ քաղաքակրթության ժամանակակից մակարդակում, ինչի ապացույցը Ստամբուլում սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան կարդալու որոշումն է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի որոշմամբ հունիսին՝ Ռամադանի ամսին սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան են կարդում, որը հեռարձակում է պետական հեռուտատեսությամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Սուրբ Սոֆիայի տաճարը ՅՈւՆԵՍԿՕ- ի Համաշխարհային ժառանգության հուշարձաններից է, իսկ 1934 թվականից՝ թանգարան։

Հունաստանի ԱԳՆ- ն Էրդողանի որոշումը դատապարտել է՝ նշելով, որ դրանով Թուրքիան 100 տարով հետ է գլորվում։

Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ նյարդայնություն է ցուցաբերում։ «Թուրքիան հանդես է բերում, ես շատ քաղաքավարի, շատ դիվանագիտորեն եմ խոսում, նյարդայնություն։ Նյարդայնություն՝ երկու պատճառով։ Առաջին՝ նրա արտաքին քաղաքականության ծրագրերը չեն հաջողում։ Նա այժմ վատ հարաբերությունների ունի Եգիպտոսի հետ, որի հետ անգամ չկա երկխոսություն, կան վատ հարաբերություններով բանակցություններ Իսրայելի հետ, Սիրիայի հետ գտնվում է պատերազմական վիճակում, մասնակցում է Իրաքում պատերազմին, ունի պատմական տարաձայնություններ, որն արտահայտվեց Հայատանի հարցով գերմանական խորհրդարանում քվեարկությամբ։ Ռուսաստանի հետ առճակատման մեջ է։ Չի լուծված Կիպրոսի խնդիրը, որտեղ նա պատասխանատվություն է կրում Կիպրոսի հյուսիսի ապօրինի բռնազավթման համար, նա Հունաստանի հետ հարաբերություններում ռեւանշիզմի է ձգտում»,- Mega հեռուստակայանին ասել է հույն նախարարը։

Նա նշել է, որ Հունաստանի քաղաքականությունը ներկա պահին «կարմիր գծերը» որոշելն է, որից չի կարող ոչ մի քայլ նահանջել։

Back to top button