Քննարկվել են բանակի նյութատեխնիկական ապահովման խնդիրները
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր կայացել է հավաք-հանդիպում բանակի կարիքների համար ապրանքների մատակարարման աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հետ: Պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, ներկայացնելով հանդիպման նպատակը, նշել է, որ վերջին շրջանում տարածաշրջանում զարգացող իրավիճակը պարտադրում է, որ աշխատանքները կազմակերպվեն ավելի հստակ եւ ճկուն: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են տեխնիկական հարցեր՝ կապված բանակին մատակարարվող ապրանքների եւ ծառայութնունների հետ, ինչպես նաեւ դրանց որակին եւ գնման գործընթացների ընթացակարգերին առնչվող խնդիրներ:
Բանակին ժամանակին եւ որակյալ ապրանքների մատակարարումը ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի խնդիրն է: Դեպարտամենտի նորանշնակ պետ, պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանը հստակեցնում է՝ լրատվամիջոցներում նաեւ այս մասով քննադատություններ են եղել, խնդիրներ ու բացթողումներ մատնանշվել:
ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչության պետերը ներկայացրին այն խնդիրները, որոնք սովորաբար ծագում են: Թիկունքային ապահովման վարչության պետ Վաղարշակ Գասպարյանը, օրինակ, ընթացակարգերի եւ փաստաթղթերի հետ կապված մի քանի խորհուրդներից հետո, նաեւ վստահեցրեց, թե ճիշտ չեն այն պնդումները, թե ամեն-ինչ կանխորոշված է եւ կարիք չկա մասնակցել մրցույթներին:
Դեպարտամենտի նորանշանակ պետը հորդորեց չմասնակցելու պատճառների վերաբերյալ գնահատականները թողնել համապատասխան կառույցներին: Եթե կան մրցույթներին չմասնակցելու պատճառներ, ապա այդ պատճառները պետք է հայտնաբերել՝ շեշտեց Մովսես Հակոբյանը: Մատակարարներից մեկին լսենք:
Ի՞նչ է անհրաժեշտ: Այս հարցի շուրջ Մովսես Հակոբյանը ներկայացրեց այն պահանջներն ու օրենքով նախատեսված ընթացակարգերը, որոնք պետք է ճշգրտորեն կատարվեն բանակի մատակարարումները ժամանակին եւ որակյալ ապահովելու համար, որոնք, Մովսես Հակոբյանի ձեւակերպմամբ, պետք է ապահովեն բանակի մարտունակությունը, ոչ թե մատակարարների կամ ոմանց բիզնես ծրագրերը:
Օրենքով արվելու է ամեն ինչ, օրենքից դուրս չի կարող լինել որեւէ գործարք՝ վստահեցրեց Մովսես Հակոբյանը: