Հասարակություն

Սպառողն իր իրավունքները պետք է գիտենա

sonahakobyan
Նախևառաջ պետք  է սպառողն ինքը գիտենա և պաշտպանի իր իրավունքները: Նա չպետք է միանշանակ վստահի խանութների հայտարարած զեղչերին՝ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Սպառողների անուշադրությունը մի կողմից, վերահսկողության բացակայությունը՝ մյուս կողմից  անբարեխիղճ մրցակցության համար բարենպաստ հիմք են ստեղծում։ Սա՝ Պիպոյանի տեսակետն է, մինչդեռ  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պնդում է, որ ուսումնասիրություններ կատարվում են պարբերաբար և սեփախան նախաձեռնությամբ։

Իրականում՝ խանութների հայտարարած զեղչերին հավատալը և մոլորության մեջ ընկնելը շատ հաճախ նաև սպառողի մեղքով է՝ ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նախևառաջ սպառողն ինքը պետք է գիտենա և պաշտպանի իր իրավունքները: Ինչպես հաճախ փորձն է ցույց տալիս, քանի դեռ չկա պետական վերահսկողություն, տնտեսվարողը չի պատժվի, կոռուպցիոն ռիսկերն էլ չեն նվազի՝ ասում է սպառողների իրավապաշտպանը:

Բաբկեն Պիպոյանի  կարծում է, որ պետք է իրականացնել մեծ մոնիթորինգային ծրագիր՝ համապատասխանության գնահատում իրականացնելու համար: Ապա՝ առաջին անգամ հաճախորդին մոլորության մեջ գցելու դեպքում տնտեսվարողին պետք է ընդամենը նկատողություն արվի՝ հորդորելով փոխել գովազդի բովանդակությունը՝ այն համապատասխանեցնելով զեղչերի իրական պատկերին: Իսկ եթե խաբեությունը կրկնվի, ապա միանշանակ է, որ սպառողների շահերը ոտնահարող տնտեսվարողները պետք է պատժվեն արդեն օրենքի ուժով:

Բաբկեն Պիպոյանի փոխանցմամբ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ստուգումներ է իրականացնում միայն կոնկրետ բողոքների հիման վրա, այնինչ պետք է իրականացվի մեծածավալ մոնիթորինգ բոլոր տնտեսվարողների մոտ և պարբերաբար: Հակառակ Բաբկեն Պիպոյանի դիտարկման՝ Տնտեսքական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց, որ հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում և այն էլ՝ սեփական նախաձեռնությամբ:

Հանձնաժողովը հասարակությանը հորդորում է առավել ակտիվ լինել և անհրաժեշտության դեպքում դիմել պետական կառույցին: Սակայն, ինչպես նկատեց  Գայանե Սահակյանը, քաղաքացիների կողմից նախաձեռնողականություն չի նկատվում:

Ի դեպ՝ հենց այսօր էլ հանձնաժողովը վարույթ է սկսել հագուստի մի շարք խանութների նկատմամբ, որոնք մոլորեցնում են սպառողներին:

Կարդացեք նաև
Close
Back to top button